Մեղրիում քննարկվել են TRIPP ծրագրի իրականացման հնարավորությունները
· Մեղրի

Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, Դոկտոր Ջոն Ասկոնասը, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի և Կանադայի բաժնի պետ Սերգեյ Մուրադյանը, ինչպես նաև «AECOM» ընկերության փոխնախագահ, գլոբալ մատակարարման շղթաների, լոգիստիկայի և արդյունաբերական զարգացման ուղղության պատասխանատու Ջեյսոն Սմիքը։
Պատվիրակության անդամներին դիմավորեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, որից հետո կայացավ քննարկում՝ TRIPP ծրագրի իրականացման շրջանակների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հնարավոր երթուղին, նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների ուղղությունները, իրականացման փուլերն ու նախադրյալները, ինչպես նաև Մեղրի համայնքի և տարածաշրջանի համար ակնկալվող հնարավորություններն ու ծրագրի նշանակությունը։
Հանդիպումը կառուցված էր բաց և երկխոսային մթնոլորտում․ ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացնելու դիտարկումներ և ստանալու պատասխաններ պատասխանատու պաշտոնատար անձանց ու ոլորտային մասնագետների կողմից։