Բացահայտիր Սյունիքը-Սուրբ Վարդան Զորավարի սրբավայրը

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Սուրբ Վարդան Զորավարի սրբավայրը

Անգեղակոթի Սուրբ Վարդան (Վարդան Զորավար) եկեղեցի-մատուռի և քարայր-կացարանի համալիրը Սյունիքի ամենանվիրական ու հնագույն սրբավայրերից է: Այն ընդգրկված է ՀՀ բնության պետական հուշարձանների (հաստատված 2008 թ․) և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

​Ըստ ժողովրդական ավանդության՝ 451 թվականին Ավարայրի ճակատամարտից վերադարձող հոգնաբեկ հայ զինվորներն ու Վարդան Մամիկոնյանը կանգ են առել այս վայրում: Ավանդույթը նաև պատմում է, որ հենց այստեղ է թաղված Վարդան Զորավարը, որի շիրմին հետագայում կառուցվել է մատուռ-եկեղեցին:

Համալիրը ներառում է դեպի երկինք ձգվող ժայռերի հովանու ներքո քարից կառուցված փոքրիկ եկեղեցի-մատուռը, ժայռափոր քարայր-կացարանները, սառնորակ բնական ջրաղբյուրն ու շրջակայքի հարուստ խաչքարերը:

Եկեղեցու արտաքին պատին է հենված 12-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարը:

​Սրբավայրն ուխտատեղի է տեղացիների և հեռավոր բնակավայրերից ժամանողների համար: Ամեն տարի ամռանը՝ Վարդավառի տոնին (Քրիստոսի Պայծառակերպություն), կամ հուլիս ամսին, Անգեղակոթում մեծ շուքով նշվում է Սուրբ Վարդան Զորավարի ուխտի օրը, և տարածքը դառնում է բազմամարդ ու մարդաշատ:

​Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ:

Կոորդինատները՝ 39.5398, 45.9926