Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյան

Մուշեղ Մելիքի Չալոյանը (Մարտիրոսյան) ֆրանսահայ հայտնի բարերար, հավաքորդ, գորգագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և Դրաստամատ Կանայանի (Դրո) զինակիցն է։

Ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում (Զանգեզուրի գավառ)։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1941 թվականին, մեկնել է Բաքու՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։

​Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես մեկնել է ռազմաճակատ, իսկ 1942 թվականին գերի է ընկել և տարվել Լեհաստան, որտեղից էլ՝ Ստրասբուրգ, ապա՝ Ռենի ճամբար։ Ճամբարում խորհրդային ռազմագերիների համար նախատեսված շախմատի մրցաշարում դարձել է հաղթող, ինչի շնորհիվ ստացել է քաղաքում շրջագայելու իրավունք։ Նրա արձակման թերթիկի վրա գրել են «Չալինսկի» ազգանունը, որով էլ նա մեկնել է Փարիզ և հետագայում կրել Չալոյան ազգանունը։

​1946 թվականից աշխատանքի է անցել հին գորգերի հավաքածուով զբաղվող վարպետ Գևորգ Բակերջյանի և Հայկ Աղաբեկյանի մոտ՝ յուրացնելով գորգագործության և գորգագիտության բազմաթիվ գաղտնիքներ։ Ֆրանսիայում ամուսնացել է ֆրանսահայ Արանքսիի հետ և Փարիզում հիմնել գորգերի գնահատման ու վաճառքի սեփական ընկերությունը՝ հասնելով մեծ հաջողությունների։

Նրա հարուստ հավաքածուում գերակշռել են հայկական գորգերը, որոնցից շատերը հետագայում նվիրաբերել է Հայաստանին։

​Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը ծավալել է ակտիվ մշակութային ու բարեգործական գործունեություն։

1966 թվականին Երևանի Մատենադարանին է նվիրել 17-րդ դարի «Նարեկ» ձեռագիր մատյանը։ Խնձորեսկի միջնակարգ դպրոցում նրա հովանավորությամբ բացվել է իր անունը կրող շախմատի սենյակ, իսկ 2013 թվականին նույն դպրոցին է նվիրել 1890 թվականի «Խնձորեսկ» արժեքավոր գորգը։

​2013 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում բացվել է Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված նմուշների մեծ մասը վերաբերել է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին։

Նա Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել նկարիչ Պավել Կուզնեցովի «Արարատ» (1930 թ.) նկարը և քանդակագործ Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» (1925 թ.) քանդակը։ Էջմիածնի թանգարանին է փոխանցել նկարիչներ Կ․ Մոմջյանի և Հ․ Կյուլբենկի գործերից, իսկ Շուշիի թանգարանին՝ Գարզուի, Ժանսեմի, Շահինի գրաֆիկական աշխատանքներից ու Մարտիրոս Սարյանի կտավներից։

​2015 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում լույս է տեսել նրա «Մաքուր ձեռքեր, թե շախմատ» գիրքը։ Նույն թվականի փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ֆրանսահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով։

​Վաստակաշատ բարերարն ու գորգագետը մահացել է Փարիզում, 2024 թվականի մայիսի 26-ին։