Բացահայտիր Սյունիքը-«Սյունիքի դարպասներ» («Զանգեր»)

· Սիսիան

Բացահայտիր Սյունիքը-«Սյունիքի դարպասներ» («Զանգեր»)

«Սյունիքի դարպասներ» կամ «Զանգեր» հուշարձանը գտնվում է Սիսիանի լեռնանցքում՝ ծովի մակերևույթից ավելի քան 2300 մետր բարձրության վրա: Այն արդեն տասնամյակներ ի վեր Սյունիքի մարզի յուրօրինակ մուտքի խորհրդանիշն ու խորհրդանշական սահմանագիծն է:

​Աշտարակաձև այս հուշարձանը կառուցվել է 1987 թվականին: Կառույցի հեղինակը Սիսիանի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Արեգ Իսրայելյանն է՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին:

Քանդակագործությունն իրականացրել է Գետիկ Բաղդասարյանը։

​Հուշարձանի վրա փորագրված է պատմահայր Մովսես Խորենացու վկայությունն այն մասին, որ Գեղամի որդի Սիսակն, այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրն իր անունով կոչում Սյունիք, սակայն պարսիկներն ավելի ճիշտ անվանում են «Սիսական»:

Հենց այդ պատճառով հեղինակները դարպասի վրա փորագրել են «Սիսական» անվանումը:

Բացի այդ, կառույցի վրա առկա է նաև «Զանգեզուր» անվան փորագրությունը: Դարպասից կախված զանգերը խորհրդանշորեն կապվում են հենց Զանգեզուր անվան հետ:

​Տասնամյակների ընթացքում եղանակային խիստ պայմանները, ձյունն ու անձրևը վնասել էին հուշարձանը, սակայն այն վերանորոգվել է:

​Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիանի լեռնանցք, M2 միջպետական ավտոճանապարհ:

Կոորդինատներ՝ 39.6975° N, 45.7878° E

Լուսանկարը `Տաթև Դուրյանի