Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին - Համլետ Քոչարյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին - Համլետ Քոչարյան

Համլետ Քոչարյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 4-ին Կապանի շրջանի Սևաքար գյուղում: 1969-1971 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նա ակտիվորեն լծվել է ազգային-ազատագրական պայքարին՝ կազմավորելով «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատն ու «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը: Նույն ժամանակահատվածում ղեկավարել է «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Զանգեզուրի մասնաճյուղը:

​1989 թվականի օգոստոսին ադրբեջանական սահմանամերձ Սեյիդլար գյուղի ազատագրման կռիվների ժամանակ Համլետը մի խումբ ազատամարտիկների հետ միասին գերի է ընկել և տեղափոխվել Բաքվի Բայիլի բանտ: 1990 թվականի ապրիլին գերիների փոխանակման գործընթացի արդյունքում նա ազատվել է և վերադարձել Հայաստան:

​1990-1991 թվականներին մասնակցել է Կապանի շրջանի սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Գորիսի շրջանի Շուռնուխ, Խնձորեսկ և Կորնիձոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողություններից զատ, Համլետ Քոչարյանն ակտիվ գործունեություն է ծավալել նաև քաղաքական ու հասարակական դաշտում: Դրա հետևանքով ձերբակալվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ / КГБ) կողմից, սակայն շուտով ազատ է արձակվել և հիմնադրել ռազմական ջոկատ:

​Համլետ Քոչարյանը զոհվել է 1991 թվականի մայիսի 6-ին՝ մարտական գործողություններից առաջ զենքի փորձարկման ընթացքում տեղի ունեցած պայթյունից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Կապան քաղաքի Աջախլու թաղամասը վերանվանվել է Համլետավան, որտեղ 1991 թվականին կանգնեցվել է նաև նրա հուշարձանը:

​Ռազմական ու հասարակական գործունեությանը զուգահեռ Համլետ Քոչարյանը ստեղծագործել է՝ հանդիսանալով պատմվածքների, բանաստեղծությունների և երգերի հեղինակ: Ռեժիսոր Իրինա Օհանյանի նկարահանած «Ես այնքան մոտ էի իրականությանը» տեսաֆիլմը նվիրված է նրա կյանքին ու ուղուն:

​Վազգեն Սարգսյանը նրա մասին ասել է. «Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգականը: Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում: Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն: Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի»: