Սյունիքի մարզում այլևս «անապահովներ» չկան, բոլորին զրկել են նպաստից

· Սյունիքի Մարզ

Սյունիքի մարզում այլևս «անապահովներ» չկան, բոլորին զրկել են նպաստից

Կառավարությունը որոշել է վերանայել սոցապ նախարարության անվանումը և դարձնել բարեկեցության նախարարություն։ Դա, իհարկե, սոցիալապես անապահով ընտանիքների ու քաղաքացիների կյանքում բան չի փոխում, նրանք շարունակելու են մնալ նույն սոցիալապես անապահովները։ Այլ բան, որ կառավարության համար է մեծ բան փոխում։

Շուտով հավանաբար կհայտարարեն, որ Հայաստանում այլևս սոցիապես անապահովներ չկան, բոլորը բարեկեցիկ կյանքով են ապրում։ Սյունիքի մարզում մի հրաշքով այլևս սոցիալապես անապահովներ չկան։ Նրանք բոլորը դարձել են «բարեկեցիկ» կյանքով ապրող, այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց փոխել անապահովության գնահատման չափանիշները։

Գնահատման նոր չափանիշներ ներդրեցին ու հազարավոր ընտանիքների դուրս թողեցին անապահովության համակարգից՝ զրկելով նպաստներից։ Հիմա արդեն Կոտայքի ու Սյունիքի մարզերում, պաշտոնապես սոցիալապես անապահովներ չկան, ընդհանրապես չկան, բոլորը «բարեկեցիկ» կյանքով են ապրում, ու իշխանությունների գնահատումներով՝ նպաստի կարիք այլևս չունեն։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այս մարզերում սկսեցին սոցիալական անապահովության գնահատման փորձնական ծրագիր իրականացնել։

Սյունիքի մարզում 2025թ. սկզբին նպաստառու ընտանիքների թիվը հասնում էր 1219-ի, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մնաց 350-ը։ Այստեղ էլ գրեթե 3.5 անգամով կրճատեցին նպաստ ստացողներին։

Գնահատման չափանիշները փոխելուց հետո, Սյունիքի մարզում նպաստ ստացող շուրջ 5 հազար ընտանիքներից մնաց ընդամենը 1280-ը։ Հիմա արդեն նրանք էլ չկան։ Արդեն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ ընտանիքներն էլ «վերացան» նպաստառուների ցանկից։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, ինչպես Կոտայքի, այնպես էլ Սյունիքի մարզերում որևէ ընտանիք ներառված չէ անապահովության համակարգում ու սոցիալական նպաստ չի ստանում։ Մի հրաշքով բոլորը դարձել են սոցիալապես ապահով։ Բայց ոչ թե այն բանի շնորհիվ, որ այդ ընթացքում կտրուկ փոխվել է նրանց կյանքը, հարստացել են ու դադարել են լինել սոցիալապես անապահով, այլ որովհետև անապահովության գնահատման չափանիշների խստացման միջոցով նրանց դուրս են թողել համակարգից։

Փորձնական ծրագիրն այդքան «հաջող» իրականացնելուց ոգևորված, հիմա էլ մյուս մարզերում են նույնն անում։

Դատելով Սյունիքի մարզի փորձից՝ կարելի է պատկերացնել, թե դրանից հետո սոցիալական անապահովության համակարգում քանի ընտանիք կմնա, կամ ընդհանրապես կմնա՞, թե՞ չէ։ Դրա համար են հավանաբար որոշել, որ սոցապ անվանումով նախարարություն այլևս պետք չէ, այսուհետ այն կարելի է անվանել բարեկեցության նախարարություն։

Այս տեմպերով շուտով Հայաստանում պաշտոնապես այլևս սոցիալապես անապահովներ չեն մնա, բոլորին կհանեն անապահովության համակարգից ու կզրկեն նպաստ ստանալուց։ Այլ բան, թե այդ մարդիկ ինչքանո՞վ կդադարեն անապահով լինել։

Վերջին տարիներին կառավարությունը հետևողականորեն թեթևացնում է անապահովության համակարգը՝ դուրս թողնելով անապահով ընտանիքներին ու նրանց զրկելով մի քանի հազար դրամ նպաստից։ Արդեն հասցրել են անապահով ընտանիքների քանակն էապես կրճատել։ Նույնիսկ այն բանից առաջ, երբ դեռ գնահատման նոր չափանիշները չէին ներդրել։

Միայն վերջին մեկ տարում անապահովության նպաստ ստացող  ընտանիքների քանակը կրճատել են գրեթե 18 հազարով։ Եթե 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվվում էր այդպիսի 54.841 ընտանիք, ապա այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ նպաստ ստացողների քանակը մնացել է 37.056-ը։

Մեկ տարում գրեթե 18 հազար ընտանիքի զրկել են անապահովության նպաստից։

Շատերին զրկել են հենց այս տարի. Տարեսկզբի առաջին 6 ամսում արդեն համակարգից դուրս են թողնել 11.722 ընտանիքի։ Այդ ընտանիքների մեծ մասին նպաստից զրկել են հունիսին, այն պատճառով, որ ապրիլի 1-ից բարձրացրեցին կենսաթոշակները։ 10 հազար դրամով բարձրացրեցին կենսաթոշակը՝ 20 հազար դրամ նպաստից զրկեցին։

Ստացվեց, որ այս մարդկանց եկամուտները նույնիսկ նվազեցին, բայց նրանք դարձան սոցիալապես ապահով, այլևս չեն բավարարում նպաստ ստանալու պայմաններին։ Չնայած թոշակներն ապրիլին էին բարձրացրել, բայց քանի դեռ ընտրություններն էին, նպաստառուներին ձեռք չտվեցին։ Ընտրություններից անմիջապես հետո հազարավոր ընտանիքների զրկեցին նպաստներից։

Միայն հունիսին անապահովության համակարգից դուրս են թողել շուրջ 9 հազար ընտանիքի։

Բայց սա դեռ վերջը չէ։ Հուլիսի 1-ից ամբողջ երկրով սկսել են կիրառել անապահովության գնահատման նոր չափանիշները, ինչից հետո, ինչպես տեսաք, Սյունիքի մարզում իսպառ վերացրել են «անապահովներին»։ Գնահատման նոր չափանիշների կիրառումից հետո, թե այդ մարզերում քանի՞ ընտանիք է արդեն հասցրել զրկվել նպաստից, տվյալները դեռ հայտնի չեն։ Այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։ Բայց միանշանակ է, որ հազարավոր ընտանիքներ չեն բավարարելու խստացված չափանիշներին ու դուրս են մնալու անապահովության համակարգից։

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում սոցիալական նպաստ ստացող 37.056 ընտանիք կա։

Ութ տարի առաջ այդպիսիք 100 հազարից ավելին էին։ 2018թ. սկսած ՔՊ-ականների իշխանությունը հետևողականորեն մաղում է համակարգը։ Այդ ընթացքում, տարբեր հնարքներով, նպաստ ստացող ընտանիքների թիվը գրեթե 3 անգամով կրճատել են ու զրկել նպաստից։ Նպաստները կտրել են, իրենց պարգևավճարները՝ ավելացրել։