Բացահայտիր Սյունիքը-Գազանալիճ

Գազանալիճը (հայտնի է նաև Գազանա, Գազան, Ղազան, Ղազանգյոլ անվանումներով) գեղատեսիլ բնական ջրավազան է։
Լիճն ունի հրաբխային ծագում. այն առաջացել է հրաբխի խառնարանում և փաստորեն բաղկացած է 3 լճակներից։ Գտնվում է ծովի մակարդակից 3112 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը կազմում է 1,8 հա, առավելագույն խորությունը՝ մինչև 10 մ, ավազանի մակերեսը՝ 0,18–2 կմ², իսկ ջրի ծավալը՝ 575,000 մ³։
Գազանալճի ջրերը քաղցրահամ են, որոնք ջրմուղով տարվում են Կապան քաղաք։ Ամռանը լճի ջրի ջերմաստիճանը հասնում է մոտ 13 °C-ի։ Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցման կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը՝ ունենալով շուրջ 130 կմ երկարություն։
Դեպի լիճ տանող ճանապարհը գերում է իր յուրահատուկ գեղեցկությամբ։
Այստեղ ձևավորված են լեռնային տափաստանային, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային, ենթալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ։
Տարածքում կարելի է հանդիպել բեզոարյան այծի, վայրի ոչխարի, վարազի և արջի։
Տեղակայում՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս, Քաջարանից 11 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ակունքում։
Կոորդինատներ՝ 39°12′15″N 46°0′11″E։
Լուսանկարը `Armgeo. am - ի