Բացահայտիր Սյունիքը - «Յոթ աղբյուր» հուշաղբյուրը Գորիսում

· Գորիս

Բացահայտիր Սյունիքը - «Յոթ աղբյուր» հուշաղբյուրը Գորիսում

Գորիս քաղաքի քաղաքային զբոսայգու տարածքում է գտնվում պատմամշակութային նշանավոր կառույցներից մեկը՝ «Յոթ աղբյուր» հուշաղբյուրը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցի մարտիկների հիշատակին: Այն ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

​Հուշաղբյուրի շինարարությունը սկսվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Թեև հուշարձանի վրա կառուցման ավարտը նշված է 1945 թվականը, իրականում այն ավարտվել է 1947 թվականի մայիսի 1-ին: Կառույցի ճարտարապետն է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

​Ճարտարապետական առումով հուշաղբյուրը կառուցված է տեղական մոխրագույն բազալտից և իր մեջ ներառում է ճիշտ յոթ ցայտաղբյուր, որտեղից էլ առաջացել է նրա «Յոթ աղբյուր» անվանումը:

Հուշաղբյուրի ճակատային պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, իսկ մեջտեղում՝ դրանց չափերով կամարակապ խորշ: Այդ կենտրոնական խորշի մեջ տարբեր բարձրությունների վրա կառուցված է երեք ցայտաղբյուր: Կենտրոնական խորշի աջ և ձախ մասերում կան չափերով ավելի փոքր երկու սյունազարդ խորշեր, որոնցում տեղադրված է մեկական ցայտաղբյուր: Երկու այդպիսի սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ էլ առկա են հուշաղբյուրի կողային պատերին, որոնց կողային խորշերի մեջ ևս կառուցված են մեկական ցայտաղբյուրներ:

​Հուշաղբյուրի աջ և ձախ թևերի վերևի հատվածում հայերեն և ռուսերեն գրված է․ «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1943-45թթ․»: Հուշարձանը առջևի և ետևի կողմից ունի աստիճանաշար, իսկ ամբողջ լայնությամբ ձգվում է զարդագոտի:

​Այս հուշարձանին է նվիրված Գուսան Աշոտի հայտնի երգերից մեկը, որի հետևյալ քառատողը քանդակված է հուշարձանի ետևի պատին․

​«Նրանց արդար հոգիներից,

Բխում է սառ, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս

Շրթունքներով կտանք համբույր»։

Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Քաղաքային զբոսայգու տարածք

Կոորդինատներ՝ 39.5122° N, 46.3408° E