Սյունիքում գործարկվել է կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոն. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

· Սյունիքի Մարզ

Սյունիքում գործարկվել է կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոն. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնը, որը նախկինում միայն սրտանոթային խնդիրներով էր զբաղվում, այժմ գործում է նաև որպես գլխուղեղի կաթվածի մասնագիտացված կենտրոն։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը հերթական աշխատանքային այցն են կատարել բուժհաստատություն և ծանոթացել գործունեության նորություններին, մասնավորապես, վերջերս ներդրված կաթվածի բուժման նոր ու կարևորագույն ծառայության ընթացքին։

Հայաստանի մարզերում սա նման որակավորմամբ ու հնարավորություններով օժտված երկրորդ կենտրոնն է։ Առաջինը գործում է Շիրակի մարզում։

Ծառայության հիմնական առանձնահատկություններն են․

Կենտրոնում շուրջօրյա ռեժիմով հերթապահում են բարձրակարգ նյարդաբաններ և վիրաբույժներ։ Բուժօգնությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ Երևանի և Գյումրու առաջատար բժշկական կենտրոնների («Գյումրի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» ԲԿ-ներ) փորձառու մասնագետների ներգրավմամբ։

Ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ և անվճար է բոլորի համար։

Կենտրոնում կատարվում են ինչպես դեղորայքային (թրոմբոլիզիս), այնպես էլ ինվազիվ վիրահատական (թրոմբէկտոմիա) միջամտություններ։ Գործունեության միայն առաջին ամսվա ընթացքում արդեն արձանագրվել է 7 հաջողված վիրահատական դեպք։

Գործում է արագ արձագանքման շուրջօրյա հեռախոսակապ։

077-111-234 հեռախոսահամարը հասանելի է 24/7 ռեժիմով, պատասխանում է անմիջապես մասնագետ-նյարդաբանը։

Սա հնարավորություն է տալիս մարզի բոլոր բուժհաստատություններին ու շտապօգնության ծառայություններին ախտանիշների ի հայտ գալուն պես անմիջապես կապ հաստատել կենտրոնի հետ և առանց ժամանակ կորցնելու ուղղորդել հենց կաթվածի կենտրոն։

Կաթվածի պարագայում յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է քաղաքացու կյանքը փրկելու և հետագա հաշմանդամությունը կանխելու համար։

«Սյունիքի մարզում նման կենտրոնի լիարժեք գործարկումը հնարավորություն է տալիս ապահովել արագ, որակյալ և կյանքեր փրկող բուժօգնություն հենց տեղում», - նշել է Նարե Ղազարյանը։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ