Բացահայտիր Սյունիքը- Բեխի անապատ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- Բեխի անապատ

Բեխի անապատը ուշ միջնադարյան Սյունիքի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Հայտնի է նաև Տանձափարախի կամ Արիստակեսի անապատ անվանումներով: Կարծիք կա, որ այն պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է, որի անունը որոշ պատմաբաններ ստուգաբանում են «փառավոր ավարտ» իմաստով:

​Անապատի տեղում սկզբնապես եղել է VII դարի ավելի հին հուշարձան, որն ամբողջությամբ քանդվել է, իսկ դրա քարերը մասամբ օգտագործվել են նոր համալիրի կառուցման համար:

XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ եկեղեցին XVII դարի 20-ական թվականներին հիմնովին վերակառուցել է Տաթևի Մեծ անապատի վանահայր Արիստակեսը:

Համալիրը կառուցված է կիսամշակ բազալտով և որձաքարով:

​Վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, միաբանության խցերից և պարսպից: Ներկայումս համալիրից պահպանվել են եկեղեցին և սեղանատունը, իսկ մյուս շինություններից՝ միայն հետքերը:

​Եկեղեցին միանավ, թաղածածկ, արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն կառույց է՝ ավագ խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով:

Իր հորինվածքով՝ միանավ դահլիճի և եռանավ բազիլիկի ճարտարապետական լուծումների զուգակցման եզակի օրինակ է Սյունիքի XVII դ. եկեղեցական ճարտարապետության մեջ:

​Գավիթ-սրահը կցված է եղել եկեղեցուն արևմտյան կողմից, որից այժմ պահպանվել են միայն հյուսիսային և հարավային պատերի փլատակները:

Սեղանատունը գտնվում է եկեղեցուն կից՝ նրա հարավային կողմում: Այն ուղղանկյուն, թաղածածկ կառույց է, որի պատերի շարվածքում օգտագործված են հնագույն մենաստանի ատամնավոր քիվի և քանդակազարդ գոտու բեկորներ:

​Տարածքում կան 11-18-րդ դարերով թվագրվող 4 խաչքար, իսկ վանական համալիրից արևելք՝ մոտ 50 մետր հեռավորության վրա, պահպանվել է լավ փորորված մատուռ:

​Տեղակայում՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4-5 կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ:

​Կոորդինատներ՝ 39°11′39″N 46°21′05″E

Լուսանկարը`Armgeo. am - ի