Բացահայտիր Սյունիքը-«Բհավերի» մատուռի տխուր ավանդությունն ու պատմությունը

«Բհավերի» մատուռը ճարտարապետական հուշարձան է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղում։
Մատուռը թվագրվում է XIII–XIV դարերով։ Արտաքին չափերն են 3.8 × 3 մ։ Կառուցված է կապտավուն երանգի սրբատաշ բազալտից։
Մուտքը արևմտյան կողմից է, պատուհաններ չունի։ Մուտքից ձախ՝ պատին հենված է սլաքաձև խորան ունեցող սալաքար, իսկ մուտքից աջ՝ օվալաձև շրջանակով ու տարբեր չափի խաչաքանդակներով հարդարված գեղեցիկ խաչքար։ Մուտքի դիմաց, կողք կողքի, գտնվում են չորս մեծ սալատապաններ։
Մատուռի հարավային կողմում նկատելի են հին գերեզմանոցի հետքեր։
Մատուռի «Բհավեր» անունը բարբառային հնչողության արգասիք է, որը բնակչության շրջանում առավել հաճախ հնչում է «պհավեր»՝ «բահավոր» կամ «ձեռքին բահ ունեցող» իմաստներով։
Կառուցման մասին պահպանված ավանդազրույցի համաձայն՝ ժամանակին այդ հողակտորը պատկանել է մի հողագործ գյուղացու։
Հողագործը, արտում ցանքս անելու նպատակով, արևի տակ դրված ցորենի պարկը ծածկում է շորով և անցնում աշխատանքին։
Աննկատ դաշտ է գալիս նրա մանկահասակ որդին, ծածուկ մտնում պարկը ծածկող շորի տակ ու լռում։ Երբ հայրը մոտենում է ցորենի պարկին, նկատում է, որ շորի տակ ինչ-որ բան է շարժվում։
Կարծելով, թե շարժվողը օձ է, բահով ուժեղ հարվածում է և սպանում իր որդուն։
Հետագայում նույն տեղում նա կառուցում է այս մատուռը, որին ժողովուրդը կոչում է «Բհավերի»։
Այն գտնվում է Խնածախ գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ փոքրիկ դարավանդի վրա (աշխարհագրական կոորդինատները՝ 39°46'58.1"N 46°15'31.7"E [39.782806, 46.258806], բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1865 մ)։
Լուսանկարը ` Hushardzan. am-ի