Բացահայտիր Սյունիքը-Գարեգին Նժդեհի հուշահամալիրը Կապանում
· Կապան

Կապան քաղաքի հյուսիսարևմտյան մասում՝ Ողջի գետի ափամերձ գոտում և հոյակերտ Խուստուփ լեռան ստորոտին է գտնվում հայ մեծ զորավար, ռազմական ու պետական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի հուշահամալիրը։
Այս տպավորիչ կոթողը կառուցվել է 2001 թվականին՝ Կապանի պատվավոր քաղաքացի Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանի նախաձեռնությամբ։
Հուշարձանի քանդակագործն է Գևորգ Գևորգյանը, իսկ ճարտարապետը՝ Ռոբերտ Բալյանը։
Կառույցի համար որպես հիմնական շինանյութ ընտրվել են մարմարն ու գրանիտը։
Հուշահամալիրի ստեղծումն ամուր կապված է Գարեգին Նժդեհի աճյունի պատմական վերադարձի հետ։ Զորավարը վախճանվել է 1955 թվականին Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում, որտեղ նրա աճյունը շուրջ երեք տասնամյակ մնացել է բանտային գերեզմանոցում։
Միայն 1983 թվականի օգոստոսին մի խումբ նվիրյալների հետևողական ջանքերի շնորհիվ Նժդեհի աճյունը գաղտնի պայմաններում տեղափոխվեց Հայաստան։
Նույն թվականի հոկտեմբերի 7-ին մասունքների մի մասն ամփոփվեց Խուստուփ լեռան լանջին՝ Կոզնի աղբյուրի մոտ։ Ավելի ուշ՝ 1987 թվականի մայիսի 8-ին, աճյունի հիմնական մասը հողին հանձնվեց Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին (Սպիտակավոր) վանքի հակում։
Տարիներ անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ին, զորավարի մասունքներից մի քանիսը, այդ թվում՝ բազկոսկրը, զինվորական հատուկ պատիվներով ու արարողակարգով վերաթաղվեցին Կապանի այս հուշահամալիրում։
Համալիրի հորինվածքային կենտրոնում տեղադրված է Գարեգին Նժդեհի կիսանդրին, որտեղ նա պատկերված է մի ձեռքում սուր, իսկ մյուսում՝ գիրք բռնած։
Կիսանդրու կողքերում քանդակված են չորս արծիվներ, որոնք խորհրդանշում են նրա հավատարիմ զինվորներին։ Հուշարձանախումբն ընդգրկում է նաև խորհրդանշական այլ տարրեր՝ ժողովրդի բարգավաճումն ավետող ցորենի հասկը, հանուն ազգային հարատևման պայքարի հնչող զանգը և երկրագունդը մարմնավորող գունդը։
Դեպի հուշակոթող տանող ճանապարհին տեղադրված վահանակներին մեծատառերով քանդակված են Գարեգին Նժդեհի հայտնի աֆորիզմներն ու մտքերը, որոնք ուղեկցում են այցելուներին։ Համալիրը ենթարկվել է բարեկարգման և հանդիսավորությամբ վերաբացվել 2012 թվականի դեկտեմբերին։
Խուստուփի ստորոտին վեր խոյացող այս հուշահամալիրը, լինելով Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանի հերոսամարտի հավերժական վկան, այսօր դարձել է Սյունյաց աշխարհի ու համայն հայության սրբազան ուխտատեղիներից մեկը։
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ողջի գետի աջ ափին, Խուստուփ լեռան ստորոտում
Կոորդինատները՝ 39.2064° N, 46.3986° E