Բացահայտիր Սյունիքը- Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող պատմամշակութային կառույց է Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում:
Այն համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ուշագրավ կառույցներից մեկը, որը ներկայացնում է Սյունիքի դպրոցի ինքնատիպ ոճը:
Եկեղեցին գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառում: Այն կառուցվել է 4-5-րդ դարերում: Ըստ դռան ճակատակալ քարի վրա պահպանված արձանագրության՝ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում:
Պատերի շարվածքում օգտագործվել են նաև նախկին 4-5-րդ դարերի կառույցի բեկորներ:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է:
Կառույցի ընդհանուր երկարությունը 27,3 մետր է, իսկ աղոթասրահի երկարությունը ներսից՝ 23,65 մետր: Սրահի լայնությունը որմնախորշերից 5,65 մետր է, իսկ հենապատերից՝ 3,45 մետր:
Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից և ամբողջությամբ պահպանված է:
Այս եկեղեցին բացառիկ է նրանով, որ պատկանում է այն սակավաթիվ հուշարձանների թվին, որոնց խորանը ոչ թե բազմանիստ է, այլ դրսից և ներսից կիսաշրջանաձև: Ներքին տարածքն ունի 5 զույգ որմնամույթեր, որոնք դահլիճը բաժանում են 6 մասի: Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին առկա են հնգական համաչափ կամարակապ որմնախորշեր:
Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից: Հարավ-արևմտյան ճակատային պատի վրա պահպանվել է մի փոքր վնասված արևի ժամացույց:
Եկեղեցու բակում պահպանվել են 15-17-րդ դարերի արժեքավոր արձանագիր խաչքարեր և տապանաքարեր, ինչպես նաև հազվադեպ հանդիպող մի կոթող:
Տեղակայումը ՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Վերիշեն գյուղ, գյուղապետարանի մոտ:
Կոորդինատներ՝ 39°32′0.59402″N 46°18′53.08913″E