Բացահայտիր Սյունիքը-Անգեղակոթ

Անգեղակոթը Հայաստանի հնագույն և պատմականորեն ամենանշանակալի բնակավայրերից է, որի պատմությունը թաղված է հազարամյակների խորքում։ Գյուղն առաջին անգամ պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս V դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակաշրջաններից:
Անգեղակոթի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզե դարի դոլմեններ, մ.թ.ա. VIII–I հազարամյակների դամբարանադաշտեր և կիկլոպյան ամրոցի հետքեր։
Գյուղն աչքի է ընկնում իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ և հայրենասիրական խորհրդով։ Այն հայտնի է որպես հայ ազատագրական պայքարի հանգուցային կենտրոններից մեկը. 1699 թվականին Իսրայել Օրին հենց այստեղ է հրավիրել պատմական Անգեղակոթի ժողովը, որտեղ Սյունիքի մելիքները քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը։ Բացի այդ, գյուղում է գտնվում «Վարդան զորավար» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, 451 թվականին Ավարայրի ճակատամարտից հետո ամփոփվել է Վարդան Մամիկոնյանի մարմինը:
Գյուղը հարուստ է նաև միջնադարյան եկեղեցիներով (Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հազարափրկիչ), խաչքարերով և ջրաղացներով։ Այստեղ է ծնվել նաև ծանրամարտի օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Անգեղակոթի բնակիչներին բնորոշ է սյունեցուն հատուկ տոկունությունը, հյուրընկալությունը, աշխատասիրությունն ու սկզբունքայնությունը։ Լինելով պատմականորեն ազատատենչ և ինքնապաշտպանական ամուր ոգի ունեցող տարածքի զավակներ՝ տեղացիներն աչքի են ընկնում իրենց ազնիվ, պինդ ու հայրենասեր բնավորությամբ, արժանապատվության բարձր զգացումով և ավանդույթներին ու սրբավայրերին հավատարիմ մնալու կամքով։
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Անգեղակոթ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա։
Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Կոորդինատներ. 39°34′5″N 45°56′38″E