«Սյունիք»-ի տնային խաղերից առաջ նորոգվել են Սիսիանի մարզադպրոցն ու մարզադաշտը. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է.
Համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է Սիսիանի ֆուտբոլի մարզադպրոց և քաղաքային մարզադաշտ՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին։
Մարզադպրոցում հիմնանորոգվել են լոգարաններն ու սանհանգույցները, տեղադրվել են նոր ցնցուղներ, հանդերձարանները համալրվել են նոր պահարաններով։ Բուժկետի համար առանձնացվել է համապատասխան սենյակ, որը կահավորվել և համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով։
Քաղաքային մարզադաշտում նոր նստատեղերով համալրվել են ինչպես պահեստային ֆուտբոլիստների, այնպես էլ հանդիսատեսի համար նախատեսված նստարանները։ Բարեկարգվել է նաև հանդերձարաններից դեպի խաղադաշտ տանող անցուղին՝ ամբողջությամբ պատվելով արհեստական խոտածածկով։
Աշխատանքներն իրականացվել են «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին կմեկնարկի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026–2027 թվականների մրցաշրջանը։ Առաջնության շրջանակում օգոստոսի 7-ին Սիսիանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիք»–«Գանձասար» հանդիպումը։