Բացահայտիր Սյունիքը․ Հարսնաձորի դիտանոցն ու հրաշքի ավանդությունը

Գորիսից դեպի Տաթև տանող ճանապարհին՝ Հալիձորի անտառի դիմաց վեր խոյացող բարձրադիր ժայռերից մեկի վրա է գտնվում պատմական Հարսնաձորը, որին Ղևոնդ Ալիշանն անվանել է նաև «Հարսնավազ»՝ նկատի ունենալով հարսի վազելու վայրը։ Այս տեղանքի հետ կապված է մի հուզիչ ու ավանդական զրույց, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Ըստ ավանդության՝ հնում մի երիտասարդ զույգ քայլում էր կիրճի եզրով, երբ հանկարծակի նրանց վրա են հարձակվում պարսիկ զինվորները։ Հակառակորդը տեղնուտեղը սպանում է տղային, իսկ աղջիկը, գերադասելով մահը գերությունից, խաչակնքվում է և նետվում անդունդը։ Տեղի է ունենում հրաշք․ նրա շրջազգեստը լցվում է օդով, աշխատում օդապարիկի պես և մեղմորեն իջեցնում նրան գետնին։ Այդ դեպքից ի վեր Որոտանի կիրճի այս հատվածն ստացել է Հարսնաձոր անվանումը։
Բացի ավանդազրույցից, տեղանքն ունի նաև կարևոր պատմա-ռազմավարական նշանակություն։ Այստեղ պահպանվել է հնամենի դիտանոց, որը հանդիսանում էր Զանգեզուրում կառուցված պաշտպանական ազդանշանային համակարգի երրորդ օղակը։
Վտանգի պահին թշնամու առաջխաղացումն առաջինը նկատում էր Կոռնիձորի դիտանոցը և ահազանգ տալիս, որից հետո ազդանշանը կրկնում էր Խոտ գյուղը, ապա Հարսնաձորի դիտանոցի զանգը, և վերջապես լուրը հասնում էր Տաթևի վանքի զանգակատուն, որի զանգերի հզոր ղողանջը տարածվում էր շուրջ 50 կիլոմետր շառավղով։
Հետագայում թշնամուն հաջողվեց կործանել Խոտ գյուղի զանգերը, ինչով խաթարվեց այս արագ արձագանքման կապի շղթան։
Այսօր էլ Հարսնաձորի դիտանոցում պահպանվել է պատմական բոլորաշտարակը՝ կոչնակի զանգը պահող իր հին շղթայի հետ ։
Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս-Տաթև ավտոճանապարհին, Հալիձոր գյուղի հարևանությամբ, Որոտանի կիրճի աջ ափին։
Կոորդինատներ՝ 39.3892° N, 46.3197° E