Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը շրջայց են կատարել զարգացման ծրագրերի շինհրապարակներում. Գորիսի համայնքապետարան
· Գորիս

Շարունակվում է Գորիս համայնքում իրականացվող զարգացման ծրագրերի մշտադիտարկումը։
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարեն Բալյանը և Սյունիքի մարզպետի օգնական Սերգեյ Մաշուրյանը աշխատանքային շրջայց են իրականացրել համայնքում։
Նրանք այցելել են Գորիս քաղաքի Յոլյան փողոց, որտեղ շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կառուցվում են նոր հենապատեր, ամբողջությամբ փոխարինվում է ջրահեռացման համակարգը, ինչպես նաև հիմնանորոգվում է ճանապարհահատվածը։ Յոլյան փողոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Տեղում պատասխանատուները ծանոթացել են աշխատանքների ընթացքին, գնահատել կատարված աշխատանքների որակը և տվել համապատասխան ցուցումներ՝ ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացումն ապահովելու նպատակով։
Այնուհետև այցելություն է կատարվել Ակներ բնակավայր, որտեղ շարունակվում են դեպի դպրոց տանող և գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Սյունիքի մարզպետարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Տեղում գնահատվել է աշխատանքների ընթացքը, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ բարձր որակն ու աշխատանքների ժամանակին ավարտն ապահովելու համար։
Աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է նաև Գորիսի երկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացել է թանգարանի գործունեությանը, առկա պայմաններին և զարգացման հնարավորություններին։ Այցի ընթացքում քննարկվել են թանգարանի վերանորոգման, պայմանների բարելավման և պատմամշակութային արժեքների պահպանման ու հանրահռչակմանն ուղղված հարցեր՝ կարևորելով թանգարանի դերը համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում։
Շրջայցի ընթացքում պատասխանատուները շրջել են նաև Գորիս քաղաքում՝ դիտարկելով համայնքում իրականացվող բարեկարգման և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը։
Գորիս համայնքում ենթակառուցվածքային և զարգացման ծրագրերի հետևողական իրականացումն ու մշտադիտարկումը կարևոր նախապայման են համայնքի համաչափ զարգացման, բնակիչների համար անվտանգ, հարմարավետ և բարեկարգ միջավայրի ձևավորման, ինչպես նաև ծրագրերի բարձր որակի և արդյունավետության ապահովման համար։