Բացահայտիր Սյունիքը-Բաղաբերդ. Սյունյաց աշխարհի անառիկ ամրոցը

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Բաղաբերդ. Սյունյաց աշխարհի անառիկ ամրոցը

Բաղաբերդ (հայտնի է նաև որպես Բաղաց ամրոց, Բաղբերդ կամ Պաղաբերթ), պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ձորք (Կապան) գավառի հնագույն և անառիկ ամրոցներից է։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած ավանդության՝ այն կառուցել է Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը՝ անվանելով «Բաղակի քար», որն էլ հետագայում վերանվանվել է Բաղաբերդ։

Ամրոցի մասին պատմական հիշատակություններ են թողել Շապուհ Բագրատունին (9-րդ դար), Հովհաննես Դրասխանակերտցին (10-րդ դար), Վարդան Արևելցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար) և Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դարեր)։

​Ամրոցը 4-րդ դարից մինչև 1170 թվականի գրավումը եղել է ռազմական կարևոր հենակետ։ Սյունիքի (Բաղաց) թագավորության շրջանում (970–1170 թթ․) այն դարձավ Կապան մայրաքաղաքի ռազմաստրատեգիական պաշտպանական համակարգի գլխավոր օղակը։ Արտաքին վտանգների ժամանակ բերդը ծառայել է որպես ապաստարան, իսկ քաղաքական աննպաստ պայմաններում այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրի մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։

Այստեղի պատմաքաղաքական իրադարձություններին ու սելջուկների դեմ մղվող մարտերին է նվիրված նաև արձակագիր Սերգեյ Ուռումյանի «Բաղաբերդ» վիպակը։ Ամրոցի հետ է կապված նաև «Փառանձեմի աղբյուր»-ի ավանդությունը, ըստ որի՝ Փառանձեմ թագուհին այստեղ է անցկացրել իր երիտասարդությունը։

​Ճարտարապետական առումով Բաղաբերդը տեղադրված է Ողջի և Գիրաթազ գետերի միախառնման հատվածում՝ հունից շուրջ 200 մ բարձրության վրա գտնվող եռանկյունաձև, ուղղաձիգ ժայռապլատոյի վրա։

Բնական անմատչելի ժայռերն ու պարիսպների համակարգը բերդը դարձրել են անառիկ, իսկ տեղանքի դիրքը թույլ է տվել հսկողության տակ պահել պատմական Կապանը։ Հրվանդանի կառուցապատումն իրականացված է եղել 3 մակարդակներով․ պահպանված ավերակներից երևում են աշտարակավոր կրկնակի պարիսպների հետքերը, որոնցից առաջին շարքը (շուրջ 60 մ երկարությամբ ուղղաձիգ հատված) գտնվում է Գիրաթազ գետի հունի մոտ։

​Տեղակայումը. Հայաստան, Սյունիքի մարզ, Անդոկավան գյուղի տարածք, Կապան քաղաքից դեպի արևմուտք՝ Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գիրաթազ գետերի միախառնման տեղից ոչ հեռու:

Կոորդինատներ. 39°12′53″N 46°16′39″E