Բացահայտիր Սյունիքը-Շնհերի (Շինուհայրի) Կուսանաց անապատ

Ուշմիջնադարի հայկական ճարտարապետության ուշագրավ կոթողներից է Շնհերի (Շինուհայրի) Կուսանաց անապատը, որը տեղակայված է բնակավայրի հարավային մասում՝ Որոտանի կիրճի եզրին: Համեմատվելով միջնադարյան մյուս վանական համալիրների ու մենաստանների հետ՝ այն աչքի է ընկնում իր յուրահատուկ տեղադրությամբ․ կառուցված լինելով գյուղի կենտրոնական հատվածում՝ այն գտնվում է առավել ապահովված դիրքում: Համալիրի կազմի մեջ են մտնում Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, սեղանատունը, պարիսպները, ինչպես նաև կից սենյակները: Ըստ իրենց կիրառական նշանակության՝ եկեղեցին, գավիթն ու սեղանատունը տեղաբաշխված են համալիրի հարավում, իսկ օժանդակ նշանակության շինությունները՝ հյուսիսում: Այս երկու հատվածների միջև առկա է ընդհանուր բակ-միջանցք, որտեղից էլ բացվում է մուտքը դեպի համալիր: Հաշվի առնելով տեղանքի թեքությունը՝ Շնհերի անապատը կառուցվել է ազատ հատակագծման եղանակով:
Մենաստանը հիմնադրվել է 17-րդ դարում և կարևոր ավանդ է ունեցել Սյունյաց աշխարհի հոգևոր ու մշակութային կյանքում: Պատմական աղբյուրների համաձայն՝ այստեղ կրթություն են ստացել 80-150 աղջիկ: Մինչ օրս պահպանվել են պատմություններ չքնաղագեղ Հռիփսիմե կույսի անհետացման առեղծվածի մասին:
17-րդ դարի վերջին փուլում անապատը հանդիսացել է նաև գրչության օջախ, որտեղ ընդօրինակվել ու նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսն այսօր պահպանվում են Մատենադարանի հավաքածուում:
Ս. Աստվածածին եկեղեցին 1676 թվականին կառուցել է Մուրադ ճարտարապետը՝ ագուլիսցի Մահտեսի Ազարիայի ֆինանսավորմամբ:
Հարավային որմնասյան վրայի արձանագրության համաձայն՝ 1720 թվականին այն վերանորոգվել է գողթնեցի Մահտեսի Բենիամինի և նրա որդու՝ Ազարիայի կողմից: Շինությունը կանգնեցված է թեք տեղանքում: Այն մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկ է, որի արևելյան կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն ավանդատներ:
Ունի երկթեք տանիք: Միակ մուտքը հարավային ճակատից է և բացվում է դեպի գավիթ:
Գավիթը կառուցվել է 17-րդ դարում: Այն հարում է եկեղեցուն հարավային կողմից: Իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով, փոքր, թաղակապ շինություն:
Սեղանատունը տեղակայված է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում՝ եկեղեցու համեմատությամբ բավականին ցածր դիրքում, ինչի շնորհիվ սեղանատան տանիքը եկեղեցու համար ծառայում է որպես բակ, իսկ գավթի դուռը միանգամից բացվում է դեպի տանիք: Այն 1720 թվականին կառուցել են գնեշցի Հովհաննեսը և նրա որդի Աստվածատուրը:
Կառույցն ունի ուղղանկյուն հատակագիծ, երկու թաղակիր կամարներով գլանաձև թաղով ծածկ: Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և արևելյան ճակատներում (վերջինս փակված է քարե շարվածքով):
Պարիսպները համալիրը շրջապատում են հյուսիսային և արևելյան հատվածներից, իսկ հարավային և արևմտյան կողմերում ձգվում են դեպի անդունդը գահավիժող ուղղաձիգ ժայռեր: Դրանք կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին:
Պարսպին կից սենյակները տեղաբաշխված են համալիրի հյուսիսային հատվածում: Դրանք կառուցվել են 19-րդ դարի վերջին՝ որպես եկեղեցական-ծխական դպրոց: Սենյակներն ունեն ընդհանուր պատշգամբ:
Տեղակայումը. ՀՀ, Սյունիքի մարզ, Հին Շինուհայր (Շնհեր)
Կոորդինատներ. 39.4239° N, 46.3158° E