Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին — Արմեն Գասպարյան (Մակիչ)

Արմեն Կառլենի Գասպարյանը (մականունը՝ «Մակիչ») ծնվել է 1974 թվականի փետրվարի 3-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1981-1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում և 8-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել Կապան, որտեղ ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում։
Դեռևս 15 տարեկան հասակում Արմենը որպես կամավոր ակտիվորեն անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին և մասնակցել Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1992 թվականին, նա վիրավորվել է բեկորից։
1993-1994 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայություն Կապանի թիվ 83117 զորամասում։ 1999 թվականից ծառայությունը շարունակել է նույն զորամասում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ Ծառայության ընթացքում նրան շնորհվել են զինվորական կոչումներ․ 2002 թվականին ստացել է ենթասպայի, 2005 թվականին՝ լեյտենանտի, իսկ 2007 թվականին՝ ավագ լեյտենանտի կոչում։ 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվել է պահեստազոր, իսկ 2010 թվականից աշխատանքի է անցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։
2016 թվականի ապրիլի 2-ին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերին, «Երկրապահ» կամավորականների ջոկատի կազմում, Արմեն Գասպարյանը մեկնել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ։ Նա հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 6-ին՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելիս։
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։
Արմեն Գասպարյանն ամուսնացած էր, ուներ երկու զավակ։
Իր հայրենանվեր ծառայության և մարտական ուղու ընթացքում նա արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ 1992-1994 թվականների մարտական գործողություններին մասնակցելու համար կրծքանշանին, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալին (2005 թ.), «Մարտական ծառայության» մեդալին (2006 թ.), «97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ»-ի 15-ամյակի կրծքանշանին, ՀՀ զինված ուժերի 20 տարվա հոբելյանական մեդալին (2012 թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալին, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալին, ինչպես նաև «Արիության մեդալին» (2006 թ.)։
Փա՛ռք ու խոնարհում մեր հերոսներին: