Բացահայտիր Սյունիքը - Ալվանք

Ալվանքը գյուղ է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում: Գյուղի պաշտոնական անունը Ալվանք է, իսկ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններից այն անվանվել է Ալիդարա: 2006 թվականի հուլիսի 4-ին բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Ալվանք:
Ռուսական կայսրության և Խորհրդային Միության տարիներին գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988 թվականի նոյեմբերին:
Ալվանքը հատկապես աչքի է ընկնում իր յուրահատուկ մերձարևադարձային կլիմայով, հարուստ մրգատու այգիներով և բացառիկ գյուղատնտեսական արտադրանքով: Գյուղը հայտնի է որակյալ նռան, թզի, արքայանարնջի, ինչպես նաև Հայաստանի համար հազվագյուտ մշակաբույսերի՝ ձիթապտղի և արմավի աճեցմամբ:
Ալվանքում զարգացած է նաև նռան հյութի և նռան գինու արտադրությունը, որն իրականացվում է տեղական բերքի մթերման միջոցով:
Ալվանքի բնակիչներին բնորոշ է սյունյաց ու մեղրեցու աշխատասեր, տոկուն և հյուրընկալ բնավորությունը: Նրանք աչքի են ընկնում հողին կապվածությամբ, արարող ոգով, բարձր պատվախնդրությամբ և ջերմ անմիջականությամբ:
Հայաստան, Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մալև գետի հովտում՝ Արաքսից մոտ 2 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 600-660 մ բարձրության վրա, Մեղրի քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևելք
Կոորդինատներ. 38°56′18″N 46°20′42″E