Բացահայտիր Սյունիքը-«Սոսու պուրակ» արգելավայր

«Սոսու պուրակ» արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում։
Այն հանդիսանում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։
Արգելավայրը կազմավորվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ։ Սկզբնապես այն զբաղեցնում էր 60 հեկտար տարածք, իսկ այժմ նրա մակերեսը կազմում է 64.2 հեկտար (0.6 կմ²)։ Մինչև 2004 թվականը արգելավայրը գտնվել է Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, սակայն հետագայում, բնապահպանական գործունեությունն առավել խստացնելու և տարածքն ավելի հուսալի պաշտպանելու նպատակով, հանձնվել է «Շիկահող» պետական արգելոցին։
Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից՝ Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ, ծովի մակարդակից 700-800 մետր (բարձրությունների տատանումը՝ 750 ± 100 մետր) բարձրությունների վրա։ Այն ունի Ծավ գետի երկայնքով ձգված տեսք՝ 10 կիլոմետր երկարությամբ և 50-200 մետր լայնությամբ։
Պուրակի հիմքում ընկած են բնական ծագում ունեցող, 200-250-ամյա ավելի քան հազար հսկա ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 30-35 մետրի։ Ցավոք, նախկինում կատարված հատումների պատճառով դադարել է սոսիների սերմերով ինքնավերարտադրությունը։
Բացի արևելյան սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր ու հազվագյուտ բուսատեսակներ, ինչպիսիք են հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն։
Արգելավայրն աչքի է ընկնում նաև սողունների հարուստ բազմազանությամբ։ Ողնաշարավորների ֆաունայից այստեղ հանդիպում են 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ։ Հազվագյուտ և հատուկ պահպանվող տեսակներից պուրակում ապրում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը։
Շնորհիվ ցածր ռելիեֆի՝ «Սոսու պուրակ» արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք։ Ձնածածկույթը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և սովորաբար չի գերազանցում 10 սանտիմետրը։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտ 530 մմ։
Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Ծավ գետի հովիտ, Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ
Կոորդինատները՝ 39°00′58″N 46°32′06″E