«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում

Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։
Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։ Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։
Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։
Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։ Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։