Գորիսում փակվել է նախկին գլխավոր աղբավայրը. Գորիսի համայնքապետարան
· Գորիս

Գորիսի համայնքապետարանից տեղեկացնում են.
Տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող խնդիրը լուծման ճանապարհին է։
Գորիսի նախկին գլխավոր աղբավայրն արդեն փակ է՝ վերջ դնելով տարիներ շարունակ շրջակա բնակավայրերի բնակիչներին անհանգստացնող խնդիրներին։ Այսօր այստեղ շարունակվում են ենթակառուցվածքային աշխատանքները, իսկ ծրագրի ավարտից հետո նախկին աղբավայրի տարածքը կվերածվի կանաչապատ հանրային գոտու։
Ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն է եղել նաև հարակից բնակելի հատվածների բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Աղբավայրի փակմամբ վերացվում են կուտակված թափոններից առաջացող բազմաթիվ անհարմարություններ՝ ապահովելով ավելի մաքուր, անվտանգ և առողջ բնակավայր։
Ծրագրի շրջանակում քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա կառուցվում է նոր, ժամանակակից սանիտարական աղբավայր, որը կհամապատասխանի շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման ժամանակակից պահանջներին։
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ։
Այս կարևոր բնապահպանական նախաձեռնությունը միտված է Գորիսում թափոնների կառավարման ժամանակակից համակարգի ներդրմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։