ԵՆԲ-ի աջակցությամբ Մեղրիում կբարելավվեն 6 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը. Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է.
Հուլիսի 15-ին Մեղրիի համայնքապետարանում կայացավ հանդիպում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, համայնքի ղեկավարի տեղակալների, վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակիցների և «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը, որի շրջանակում զգալի ֆինանսական միջոցներ են ուղղվելու Սյունիքի մարզի բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի բարելավմանը։
Ծրագրի նախապատրաստական փուլում Սյունիքի մարզի 127 բնակավայրերում իրականացվել են համապարփակ ուսումնասիրություններ, գնահատվել են բնապահպանական, տեխնիկական, սոցիալական և այլ կարևոր գործոններ, որոնց հիման վրա կազմվել է առաջնահերթությունների ցանկը։
Այդ գնահատումների արդյունքում Մեղրի համայնքից ծրագրում ընդգրկվել են 6 բնակավայրեր։
Հանդիպման ընթացքում «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը և ընկերության ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի ընթացքը, առաջիկա քայլերը և քննարկեցին համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները՝ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է GITEC-CES և «Ջինջ» ընկերությունների կոնսորցիումի կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել Սյունիքի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի հուսալիությունն ու դիմակայունությունը։