Ավարտվեց Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը. Կապանի համայնքապետարան

· Կապան

Ավարտվեց Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը. Կապանի համայնքապետարան

Կապանի համայնքապետարանից հայտնում են.

Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի վերջին ակորդը հնչեց վիեննական վալսի կախարդական հնչյունների ներքո՝ տասնօրյա երաժշտական տոնը եզրափակելով պարահանդեսային հիշարժան երեկոյով։

Օրվա երաժշտական ծրագիրը համադրել էր տարբեր ժանրեր՝ վիեննական վալսից մինչև ջազ և ազգային մեղեդիներ, որոնք ներկայացվել են ջութակահար, դիրիժոր Ֆլորիան Կրիսպերի, շեփորահար Տիգրան Սուչյանի և փայտափողային գործիքների վարպետ Նորայր Քարրտաշյանի ղեկավարությամբ ձևավորված նվագախմբերի կատարմամբ։

Հատկանշական է, որ Կապանի մշակութային կյանքում փառատոնն արդեն իսկ զբաղեցրել է իր ուրույն և անփոխարինելի տեղը, ինչի խոսուն վկայությունը փառատոնի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությունն ու լեփ-լեցուն դահլիճներն են։

10 օր շարունակ փառատոնը դասական, կամերային և ժամանակակից երաժշտության սիրահարներին ամեն օր բարձրակարգ համերգներ է մատուցել աշխարհահռչակ մենակատարների, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստների մասնակցությամբ։

Այդ օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտներ մասնակցել են արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասերին, աշխատարաններին, հարստացրել իրենց երաժշտական գիտելիքները, ձեռք բերել նոր փորձառություններ և ծանոթություններ, ինչպես նաև հանդես եկել համատեղ ելույթներով։

Հիշեցնենք, որ ամենամյա դարձած փառատոնն իրականացվում է գլխավոր և մշտական աջակից՝ Կապանի համայնքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբեդենային կոմբինատ» ՓԲ ընկերության, արդեն երրորդ տարին՝ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ, և Բելգիայում բնակվող, արմատներով կապանցի, թավջութակահար Սևակ Ավանեսյանի անմիջական նախաձեռնությամբ։