Բացահայտիր Սյունիքը - Խնածախի մելիքական ապարանքի պատմությունը և ճարտարապետությունը

Խնածախի մելիքական ապարանքը 16-րդ դարից մեզ հասած պալատական ճարտարապետության եզակի հուշարձան է, որն իր հստակ հորինվածքով և անշուք նկարագրով կարևոր օղակ է ուշ միջնադարյան հայկական մելիքական տների ձևավորման շղթայում։
Համալիրն իր ճարտարապետական մտահղացմամբ սերտ ընդհանրություններ ունի Քաշաթաղի և Խնձորեսկի մելիքական տների հետ, որտեղ կառուցվածքային հիմնական տարրերից է սյունազարդ կամարասրահը։
Ապարանքի պատմամատենագրական սկզբնաղբյուրներում ուղղակի հիշատակություններ չեն պահպանվել։ Հայ ճարտարապետության պատմաբան Նուբար Պապուխյանը, հիմնվելով Խնածախ գյուղի 17-րդ դարի հուշարձանների վրա, ապարանքը ևս համարում է 17-րդ դարի կառույց և այն վերագրում Մելիք-Հայկազ Բ-ին։
Այս տեսակետին է հակված նաև Վ․ Հարությունյանը։ Սակայն հուշարձանի կառուցման հանգամանքներին առավել հիմնավոր անդրադարձել է պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանը։ Քաշաթաղ-Խնածախի պատմությանը նվիրված քննական ակնարկում նա նշում է, որ 16-րդ դարի սկզբին գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխվել է 10-12 կմ դեպի հարավ՝ Խնածախ գյուղ։
Այս տեղափոխությունն իրականացրել է Մելիք-Հայկազ Ա-ի որդին՝ Հախնազարը։ Ըստ 1551 թվականի տապանագրի՝ Հախնազարը հիշատակվում է որպես «ՄԵԾ ԻՇԽԱՆ ԷՐ Ի ՄԷՋ ԹԱԳԱՒՈՐԱՑ»։ Այս հանգամանքը միանգամայն հավանական է դարձնում ապարանքի կառուցման վերագրումը հենց նրան և թվագրումը 16-րդ դարի առաջին կեսով։
Ավելի ուշ ապարանքը ժառանգել է Մելիք-Հախնազարի երկարակյաց որդին՝ պատմական աղբյուրներից հայտնի Մելիք-Հայկազ Բ-ն (1551-1623 թթ․), ով 17-րդ դարի սկզբում գործուն մասնակցություն է ունեցել Օսմանյան Թուրքիայի դեմ պարսից բանակի մղած պատերազմներում։ Նա վայելում էր Շահ-Աբբաս Ա-ի բարյացակամությունը և, ըստ ավանդության, հավատարմության ու քաջության համար ստացել էր «Ծեր առյուծ» («Գոջա ասլան») մտերմիկ մականունը։ Մելիք-Հայկազ Բ-ն հայտնի է եղել նաև իր շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ, համարվել է ժամանակի մեծահարուստ ու ազդեցիկ մելիքներից մեկը, ինչի պատճառով էլ Խնածախի ապարանքի կառուցումն ավանդաբար կապվում է նրա անվան հետ, թեև բուն շինարարության ժամանակը դարձյալ համարվում է 16-րդ դարի կեսերը։
Ապարանքի երբեմնի մեծ համալիրից այսօր պահպանվել է երկու ամբողջական շինություն՝ երկհարկանի դահլիճը և նրա ետնամասից 7 մետր հեռավորության վրա գտնվող գլխատունը։
Երկուսի գլխավոր ճակատներն էլ ուղղված են դեպի հարավ-արևելք։ Երկհարկանի դահլիճը տեղադրված է հենապատով ամրացված ձորեզրից մոտ 6 մետր հետ, ունի գլանաձև թաղով ծածկված կրկնահարկ հորինվածք և առնված է ճակտոնավոր երկլանջ տանիքի տակ։
Բարձունքի մեջ խորացող առաջին հարկը հատակագծում ուղղանկյուն է՝ ներքուստ 3,9 x 6,2 x 3,9 մետր չափերով։ Երկայնական պատերում համաչափ դասավորված են երեքական կամարակապ որմնախորշեր, որոնցից հյուսիս-արևելյան շարքի մեջտեղինը օջախ-բուխարին է։ Ճակատային պատի ձախ եզրում կամարակապ շրջամուտքն է, իսկ աջում՝ ուղղանկյուն մի պատուհան։
Առաջին հարկը ծառայել է որպես մելիքի բնակարան։ Հատկանշական է, որ ըստ Ն․ Պապուխյանի վկայության՝ տեղի բնակիչները երկհարկանի այս շենքը անվանում են «Բալախանա», որը պարսկերեն նշանակում է վերնատուն։
Երկրորդ հարկը նույնպես ուղղանկյուն է (ներքուստ՝ 3,9 x 6,6 x 3,65 մ)։
Մուտքը հարավ-արևմտյան պատի վերջնամասից բացվում է դեպի փոքր-ինչ բարձրադիր ետնաբակը, իսկ ճակատը լուծված է եզրային որմնասյուների վրա հենվող և ծածկաթաղի թռիչքն ընդգրկող կամարային բացվածքով։ Այս բացվածքը հետագայում փակվել է երկու պատուհան ունեցող պատով։
Դահլիճի երկրորդ հարկից մի փոքր ցածր ընկած դարավանդաձև ետնաբակի խորքում կառուցված գլխատունն ավելի ընդարձակ մի դահլիճ է՝ ներքուստ 6,0 x 7,0 մետր չափերով։ Այն ունի անկյունամերձ չորս փայտե սյուների վրա բարձրացող երդիկավոր «հազարաշեն» գերանածածկ։ Երեք պատերում (բացի հարավ-արևմտյանից) կան մեկական առանցքային դիրքով պահարանախորշեր, որոնցից ճակատայինը հետագայում վեր է ածվել պատուհանի։
Գլխատան ճակատը, ի տարբերություն փայտով ծածկված ներքին հորինվածքի, լուծված է երկհարկանի դահլիճի ճարտարապետությանը հարազատ շրջամուտքով ու երկու կամարակապ որմնախորշերով։ Վերջիններիս առկայությունը, ինչպես նաև գլխատանը երկու կողմից կից կառույցների հետքերը վկայում են երբեմնի կամարասրահի գոյության մասին։
Ապարանքի նախնական համալիրը, անկասկած, եղել է պարսպապատ և ունեցել է այլ օժանդակ կառույցներ, ինչով ապահովվել է թե՛ ճակատակողմի պաշտպանությունը և թե՛ տեսանելիությունը հեռվից։
Կառուցողական տեխնիկայի տեսանկյունից ապարանքի պատերն ունեն 1,2 մետր հաստություն և կառուցված են հիմնականում կոպտատաշ քարից։ Սրբատաշ են միայն պատերի, բացվածքների, որմնախորշերի ու կամարների եզրաշարվածքը, ինչպես նաև վերնասրահի ամբողջ ճակատը։ Մեծ խնամքով են իրականացված կրկնահարկ դահլիճի շրջամուտքը, որմնախորշերը, վերնասրահի երկաստիճան, լայնաթռիչք կամարը։
Երկու հարկն էլ ներքուստ շաղախված են կրով, իսկ վերնասրահի թաղի հիմքն ընդգծված է նուրբ որմնագոտիով։
Ապարանքի ավերակները գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում, ձորի միջով անցնող ճանապարհի եզրին՝ երեք կողմից առնված բնակելի կառուցապատման մեջ։
Կոորդինատներ՝ 39.5898, 46.4673
Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Սյունիքի մարզային ծառայության