Բացահայտիր Սյունիքը- Կապանի երկրագիտական թանգարան
· Կապան

1960-ից 80-ական թվականներին Կապանում իրականացվող հիմնական շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ էին գալիս հնագիտական ու ազգագրական նշանակության առարկաներ, որոնց պահպանության համար 1969 թվականին հիմնադրվեց երկրագիտական թանգարանը:
Անվան ընտրությունը կապված է հնագիտական ու երկրագիտական առարկաների պահպանության ու ցուցադրության հետ:
Թանգարանը զբաղեցնում է երկու հարկ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով Սյունիքի պատմության տարբեր դարաշրջաններ: Առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Սյունիքի 19-20-րդ դարերի պատմությանը՝ հայ-թաթարական բախումներին, Առաջին համաշխարհային պատերազմին, Զանգեզուրի գոյամարտին վերաբերող նյութերին, ինչպես նաև տեսնել այդ ժամանակների նամակներ, անձնական իրեր և հազվագյուտ փաստաթղթեր:
Երկրորդ հարկն ամբողջությամբ նվիրված է հնագիտությանը:

Այստեղ ներկայացված են հին կավանոթներ, քարե գործիքներ, զարդեր և Սյունիքի տարածքում հայտնաբերված եզակի հնագիտական գտածոներ:
Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշը կին կերպարանքով խեցանոթն է՝ բացառիկ գտածո, որը համարվում է եզակի ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում: Այս իրն առանձնահատուկ արժեք ունի՝ ներկայացնելով հին բնակավայրերի արվեստն ու հավատալիքները:
Բացի հիմնական ցուցադրություններից, թանգարանը կազմակերպում է էքսկուրսիաներ, ինտերակտիվ խաղեր և թեմատիկ միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի և զբոսաշրջիկների համար:
Այստեղ յուրաքանչյուրը կարող է զգալ Սյունիքի պատմության շունչը՝ անցնելով հազարամյակների ճանապարհով: Այսօր Կապանի երկրագիտական թանգարանը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ պահպանելով անցյալի հիշողությունը և դարձնելով այն հասանելի նոր սերունդներին:
Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մուշեղ Հարությունյան փողոց, 1-ին փակուղի, 1-ին շենք
Կոորդինատները՝ 39.2074° N, 46.4061° E