Բացահայտիր Սյունիքը- «Դղդնածակ» քարանձավի գաղտնիքները

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- «Դղդնածակ» քարանձավի գաղտնիքները

«Դղդնածակ» քարանձավը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաուշագրավ բնական հուշարձաններից է, որն իր մեջ թաքցնում է ինչպես պատմական արժեքավոր փաստեր, այնպես էլ տեղական հետաքրքիր ավանդություններ:

Այն իր մեծությամբ երրորդ քարանձավն է Հայաստանում և ունի կարստային ծագում: Քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է 578 մետր:

​Այս բնական կառույցն ունի երկու մուտք. դրանցից գլխավորը համարվում է հյուսիս-արևելյանը, իսկ երկրորդ մուտքը գտնելու համար անհրաժեշտ է քարանձավ ներս մտնելուց հետո ճանապարհը շարունակել աջ կողմի խոռոչով:

Հետազոտությունների ընթացքում այստեղ հայտնաբերվել են հնագիտական կարևոր նմուշներ, մասնավորապես՝ կենդանական ոսկորներ և հին խեցեղեն:

Գտնված խեցեղենի կտորներից երեք բեկոր արդեն իսկ նմուշառվել ու տրամադրվել է ՀՀ հնագիտության ինստիտուտին՝ հետագա մասնագիտական ուսումնասիրությունների նպատակով:

​Քարանձավի հետ են կապվում նաև ուշագրավ ժողովրդական պատմություններ: Տեղի գյուղացիները պատմում են, որ անցյալում քարանձավի խորխորատներում ու խոռոչներում տեսել են հին մատյաններ, ինչպես նաև գորգերի ու կարպետների կույտեր, որոնք, սակայն, ձեռք տալու պահին միանգամից փլվել ու մոխրացել են: Թեև այս ամենը կրում է լեգենդի բնույթ, կան նաև հստակ փաստագրված տվյալներ. քարանձավագետ Սմբատ Դավթյանի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ տարիներին այստեղից հայտնաբերվել է մետաղյա զանգ:

Բացի այդ, Խորհրդային Միության տարիներին գործած «Հայկական աշխարհագրական ընկերության» արխիվների ուսումնասիրությունից պարզվել է, որ քարանձավը հայտնաբերվել և մասամբ հետազոտվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում:

​Քարանձավի ժամանակակից պատմության մեջ կարևոր էջ է գրվել 2019 թվականին: «Հայաստանի Անձավագիտական Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սամվել Շահինյանի նախաձեռնությամբ՝ հայկական «Arm Speleo Team AST» և անգլիական «Black Rose Caving Club» քարանձավախուզական թիմերի համատեղ ջանքերով «Դղդնաձակ» քարանձավը վերահայտնաբերվել է և ենթարկվել մանրակրկիտ հետազոտությունների:

​Տեղակայում և կոորդինատներ՝ Քարանձավը գտնվում է Որոտանի կիրճում։