Բացահայտիր Սյունիքը-Որոտնաբերդ

Որոտնաբերդը հայկական նշանավոր ամրոց և մշակութային արժեք է, որը հնում գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, իսկ ներկայումս տեղակայված է Հայաստանի Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մոտ՝ Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա, Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։
Այս պատմական կառույցը հիմնադրվել է 5-րդ դարում։ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բերդը դասել է Սյունիքի նշանավոր ամրոցների շարքին, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին այն գրավել են սելջուկ թուրքերը, սակայն 1219 թվականին Իվանե Զաքարյանն ազատագրել է ամրոցը և հանձնել Լիպարիտ Օրբելյանին։
1386 թվականին Լենկթեմուրի հորդաները, ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ, թեև որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդին։
Հետագայում՝ 1407 թվականին, Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ Ավելի ուշ՝ 1724 թվականին, Որոտնաբերդը ուրացած Մելիք Բաղրից ազատագրել է Դավիթ Բեկը։
Ամրոցը տեղադրված է Լորաձորի գետաբերանի և Վաղատին գյուղի միջև գտնվող հսկայական ժայռազանգվածի վրա։ Գահավեժ, բնական ժայռապարիսպները բերդի երեք կողմերից իջնում են դեպի Որոտանի կիրճը։ Բերդի տարածքը կազմող հարթակը հավասարասրուն եռանկյան տեսք ունի, որի հյուսիսային անկյունում վեր է բարձրանում մի խոշոր ժայռազանգված։
Հարավում՝ մոտ 50 մետր բարձրության վրա, գտնվում է միջնաբերդը, իսկ հարթակի մյուս կողմերը զառիվայր են՝ բացի արևմտյան հատվածից։ Այս մասի ստորոտը զուրկ է ժայռերից և, կորագծով իջնելով, կազմում է մի նեղ, երկար պարանոց, որը միանում է կիրճի հակառակ կողմում առաջացած բնական սարահարթին։
Բերդի ընդհանուր տարածքի այս հատվածը, ուր մինչ օրս նկատվում են շինությունների ու պարսպապատերի հետքեր, շատ ավելի մեծ է, քան բերդի բուն եռանկյունի հարթակը։ Պարանոցի հատվածում ևս նկատվում են ավերակ շինությունների հետքեր և երկարությամբ ձգվող ոլորապտույտ պարսպապատի ստորին հատվածի մնացորդներ։
Բերդի հերթական վերակառուցման ժամանակ երկու բարձունքները կապող նեղ պարանոցը փակելու անհրաժեշտություն է առաջացել, և լրացուցիչ պատնեշ է ստեղծվել, որով փակվել է ոչ միայն բերդին մոտենալու միակ ճանապարհը, այլև Որոտան (Որոտնավան) գյուղին մոտենալու հարմար ուղղությունը։
Որոտնաբերդի արևմտյան և արևելյան հատվածներում պահպանվել են միջին չափերի կոպտատաշ բազալտե քարերից կառուցված պարսպապատեր։ Արևմտյան հատվածը կազմված է առաջնապարսպից և ներքնապարսպից։ Առաջնապարիսպը սկիզբ է առնում հյուսիսային ժայռազանգվածի ստորոտից և, իր մեջ առնելով մի խոշոր ժայռաբեկոր, շարունակվում է մինչև բերդի գլխավոր մուտքը։
Ներքնապարիսպը նույնպես սկիզբ է առնում հյուսիսային ժայռազանգվածից, որի միայն ստորին հատվածի մի մասն է պահպանվել, այնուհետև, ընդհատվելով ու կորագծեր կազմելով, շարունակվում է անմիջապես մուտքի մոտից և փակում է արևմտյան մասի ողջ երկարությունը մինչև հարավային կողմի զառիթափ հատվածը։

Բերդի գլխավոր մուտքը ավերակ է, առաջնապարիսպը ավարտվում է ժայռից ոչ հեռու, իսկ դրա ետևում պարսպապատի երկրորդ գոտին է՝ ներքնապարիսպը, որը ևս ունի ավերակ դարպաս։ Այս երկու դարպասները գտնվում են միևնույն առանցքի վրա։
Առաջնապարսպի միջին հատվածում, դրա ամբողջ բարձրությամբ, կա մի ուղղանկյուն խորշ (4.14 մետր x 0.70 մետր), որն առաջացել է պարիսպը տեղանքի հետ հարմարեցնելու հետևանքով։ Պարսպապատերի այսպիսի խորշերը, որոնց հանդիպում ենք հնագույն շրջանում, կրկնվում են ողջ երկարությամբ։
Պարսպի միջին բարձրությունը 5.5 մետր է, և նկատվում են վերանորոգումների հետքեր։ Առաջնապարսպի միջնամասում՝ ներսի կողմից, պահպանվել են ուղղանկյուն շինության (6.40 x 5.40 մ) պատերի ստորին հատվածները։
Կառույցի պատը նույնպես եռաշերտ է՝ կառուցված միջին չափերի կոպտատաշ բազալտե քարերից, ընդ որում՝ արևմտյան պատի մոտ կեսը ագուցված է պարսպապատի մեջ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն կառուցվել է ավելի ուշ։
Բերդի եռանկյունաձև հարթակի հարավային կողմը, ուր միջնաբերդն է, ավելի բարձր է։ Այստեղ խմբավորված են առանց շաղախի, անկանոն քարերից կառուցված բազմաթիվ ուղղանկյուն սենյակներ։ Պարսպի մեկ այլ գոտի կառուցվել է արևելյան կողմում։ Այն նույնպես սկիզբ է առնում հյուսիսային ժայռազանգվածի ստորոտից՝ անմիջապես հպվելով նրան։
Այս արևելյան պարսպապատն ունի երկու աշտարակ՝ մեկը շրջանաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև։ Երկուսն էլ սնամեջ են՝ կառուցված միջին չափերի կոպտատաշ բազալտե քարերից, կրաշաղախի միջնաշերտով։
Այս հատվածում պատի միջին բարձրությունը 3 մետր է, իսկ հաստությունը՝ 0.80 մետր։ Սնամեջ, շրջանաձև աշտարակի պատի ստորին մասում պահպանվել է կիր-ավազային սվաղի երկշերտ ծածկույթ։ Այս ուղղանկյուն, միաթաղ կառույցի պատերը (2.5 մ միջին բարձրությամբ) շարված են միջին չափերի կոպտատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախի միջնաշերտով, և այս շինությունն օգտագործվել է որպես ջրամբար։
Ե. Լալայանն իր աշխատություններից մեկում հիշատակում է, որ բերդի բաց կողմում փորված է եղել մի ստորերկրյա անցք՝ ջուր բերելու համար։ Ջրամբարի հարավային կողմում՝ պատին հպված, կան մի քանի փոքր, ուղղանկյուն շինությունների հետքեր, որոնց պատերը շարված են բազալտե կոպտատաշ քարերից՝ առանց շաղախի։

Բերդի հարավային կողմն անպարիսպ է, քանի որ բնական ժայռապարիսպներն արդեն իսկ անառիկ են դարձնում այս հատվածը։
Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Որոտնավան գյուղի մոտ։
Կոորդինատները՝ 39°29′44″N 46°07′20″E