Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Գուսան Աշոտ. Զանգեզուրի հանճարեղ զավակն ու հայ աշուղական արվեստի անկրկնելի վարպետը

· Գորիս

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Գուսան Աշոտ. Զանգեզուրի հանճարեղ զավակն ու հայ աշուղական արվեստի անկրկնելի վարպետը

​Հայ աշուղական երաժշտության պատմության մեջ իր ուրույն ու անջնջելի հետքն է թողել Գուսան Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան)։

Նա ծնվել է 1907 թվականի ապրիլի 12-ին (նոր տոմարով՝ ապրիլի 25-ին) Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայության Ելիզավետպոլի նահանգի Գորիս քաղաքում։

Մանկությունն ու վաղ երիտասարդությունը լի էին զրկանքներով. վաղ հասակում կորցրել է մորը, իսկ պատանեկան տարիներին եղել է գառնարած։ Սակայն սերը երաժշտության և հայրենի բնության հանդեպ կանխորոշեց նրա հետագա ճանապարհը։

​1921 թվականին ապագա գուսանը տեղափոխվել է Բաքու՝ ավագ եղբոր մոտ։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ նրա կյանքի կարևորագույն շրջադարձերից մեկը. հովվական սրինգը փոխարինվեց քամանչայով, որը դարձավ նրա հավատարիմ ուղեկիցը ողջ կյանքի ընթացքում։

Բաքվում նա սովորել է բանվորական դպրոցում, սակայն հայրենի եզերքի կանչն ավելի զորեղ գտնվեց։ 1928 թվականին Աշոտը վերադարձավ Զանգեզուր և ամբողջությամբ նվիրվեց գուսանական գործունեությանը՝ դառնալով Գորիսի հարստությունն ու այդ անկրկնելի քաղաքի պատմության վառ էջերից մեկը։

​Ժամանակի ընթացքում նրա տաղանդը դուրս եկավ հարազատ սահմաններից։ 1946 թվականին նա դարձավ ԽՄԿԿ անդամ, իսկ 1948 թվականին մշտական բնակություն հաստատեց մայրաքաղաք Երևանում։

Գուսան Աշոտը հիմնեց և ղեկավարեց սեփական անսամբլը, որով համերգներ էր տալիս ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հայկական երգի հմայքը հասցնելով հազարավոր սրտերի։ Նրա ստեղծագործությունները սիրվեցին ու կատարվեցին բազմաթիվ անվանի երգիչների կողմից։ 1958 թվականին նա ընդունվեց ԽՍՀՄ գրողների միություն, իսկ աշուղական արվեստում ունեցած մեծագույն ավանդի համար 1967 թվականին նրան շնորհվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչումը։ Բացի այդ, 1956 թվականի հունիսի 27-ին նա պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։

​Գուսան Աշոտից մեզ է հասել հսկայական ստեղծագործական ժառանգություն՝ մոտ 600 երգ և շուրջ 5200 աշուղական բանաստեղծություն։ Նրա երկերի մատենագիտությունն արտացոլում է նրա ստեղծագործական բեղմնավոր կյանքը։ Նրա լույս տեսած գրքերից են. «Աշուղական երգեր» (Երևան, Հայպետհրատ, 1946 թ., 34 էջ), «Գուսանի սերը» (Երևան, Հայպետհրատ, 1955 թ., 128 էջ), ինչպես նաև նույն խորագրով նոտագրված տարբերակը՝ «Գուսանի սերը» (Երևան, Հայպետհրատ, 1958 թ., 152 էջ)։

Հետագա տարիներին հրատարակվել են նաև «Սիրո կրակներ» (Երևան, «Հայաստան», 1971 թ., 130 էջ), «Սրտի նվագներ» (Երևան, «Սովետական գրող», 1979 թ., 112 էջ), «Ծովաստղիկս. Երգեր առանց նվագակցության» (Երևան, «Սովետական գրող», 1982 թ., 263 էջ) և «Լեռները կանչում են» (Երևան, 1988 թ.) ժողովածուները։

​Մեծանուն գուսանն իր մահկանացուն կնքեց 1989 թվականի հունվարի 28-ին Երևանում՝ հայ մշակույթի ոսկե ֆոնդում թողնելով զանգեզուրյան շնչով ու հայրենասիրությամբ տոգորված իր անմահ մեղեդիները։