Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
· Կապան

2026 թվականի ամռանը Սյունիքի սիրտը կրկին կդառնա համաշխարհային երաժշտարվեստի կենտրոն՝ բաբախելով դասական երաժշտության ռիթմերով։ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ Կապան Ֆեստը, արդեն չորրորդ տարին անընդմեջ կմիավորի աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և արվեստասեր հանդիսատեսի՝ դառնալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։
Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։ Կապան Ֆեստ 2026-ին կմասնակցեն աշխարհահռչակ մենակատարներ, դիրիժորներ և կամերային երաժշտության լավագույն արտիստներ աշխարհի 16 երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Դանիա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Ավստրալիա, Էկվադոր, Ռուսաստան, Ռումինիա, Վրաստան:
Փառատոնի առանցքային բաղադրիչներից մեկը կրկին կլինի Կապան Ֆեստ Ակադեմիան, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ընտրված 55 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցելու ինտենսիվ վարպետության դասերի, աշխատելու լեգենդար երաժիշտների հետ և համերգային ծրագրերով ելույթ ունենալու նրանց հետ նույն բեմում։
«Կապան Ֆեստ»-ի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կապանի համայնքապետարանը, ԶՊՄԿ-ն, ՀԲԸՄ-ն, Հայաստանում Բելգիայի և Դանիայի դեսպանատները, Ֆրանցիս Քյուրքջյանը, Թոմաս Վանգը, «Larsen Strings»-ը և այլ ընկերություններ ու անհատներ, որոնց աջակցությամբ հնարավոր է դառնում փառատոնի բոլոր համերգները կազմակերպել հանդիսատեսի համար լիովին անվճար, իրականացնել «Կապան Ֆեստ» Ակադեմիայի կրթական ծրագրերը և, ընդհանուր առմամբ, կյանքի կոչել ծավալով ու նշանակությամբ աննախադեպ այս փառատոնը։
Ավելին `սկզբնաղբյուրում