Բացահայտիր Սյունիքը - Խնձորեսկի ճոճվող կամուրջը. Սյունիքի ամենաէքստրեմալ և պատմական կետը

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Խնձորեսկի ճոճվող կամուրջը. Սյունիքի ամենաէքստրեմալ և պատմական կետը

Խնձորեսկի ճոճվող կամուրջը Սյունիքի մարզի և ողջ Հայաստանի ամենատպավորիչ ու այցելվող զբոսաշրջային վայրերից մեկն է, որը հիացնում է թե՛ իր ինժեներական լուծումներով, թե՛ պատմական շերտերով։

Այն կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է իր ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մայիսի 9-ին և տևել են շուրջ մեկ տարի։ Կամուրջն ունի 160 մետր երկարություն և 63 մետր բարձրություն՝ կշռելով մոտ 14 տոննա։

Այն բավականին ամուր է և կարող է միաժամանակ սպասարկել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

​Այս յուրօրինակ կառույցը միմյանց է կապում Հին Խնձորեսկի ձորի երկու «ափերը»՝ հին քարանձավային բնակավայրը և ժամանակակից գյուղը։

Կամրջի վրայից բացվում է շունչ կտրող տեսարան դեպի խոր ձորը, որտեղ գտնվում է 17-րդ դարի Անապատ եկեղեցին։

Հատկանշական է, որ հենց այս եկեղեցու բակում է գտնվում հայ նշանավոր զորավար և ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի տապանաքարը։

Բացի այդ, տեսանելի են Խնձորեսկի չորս եկեղեցիները և լեգենդար «Ինը մանուկի» աղբյուրը, որը կապված է տեղի հերոսական պատմությունների հետ։

​Կամրջի մյուս ծայրում սկսվում է հայտնի քարանձավային քաղաքը, որտեղ դեռևս անցյալ դարի կեսերին մարդիկ են ապրել։

Կառույցի տեղակայումը թույլ է տալիս այցելուներին մեկ վայրում տեսնել Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունը, զգալ բնության հզորությունն ու ծանոթանալ 20-րդ դարի սկզբի հայկական գյուղական կյանքին։

​Տեղակայման առումով կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ ընկած հատվածում։

Այն հեշտությամբ հասանելի է տրանսպորտային միջոցներով, իսկ կամրջին հասնելու համար հարկավոր է իջնել հատուկ կառուցված աստիճանահարթակով։

Կառույցի աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 39°30′03″N 46°25′58″E։