Բացահայտիր Սյունիքը - Սիսիանի պատկերասրահ․ Սյունյաց աշխարհի արվեստի հանգրվանը

· Սիսիան

Բացահայտիր Սյունիքը - Սիսիանի պատկերասրահ․ Սյունյաց աշխարհի արվեստի հանգրվանը

Սյունիքի մարզի պատմամշակութային սիրտ համարվող Սիսիան քաղաքում գործող պատկերասրահն

Հայաստանի ազգային պատկերասրահի կարևորագույն և ակտիվ մասնաճյուղերից մեկն է, որն իր դռներն է բացել արվեստասերների առջև դեռևս 1996 թվականին։

​Պատկերասրահի հիմնական առաքելությունը տարածաշրջանում արվեստի ապակենտրոնացումն ու տեղի բնակիչներին ու հյուրերին բարձրարժեք մշակութային կյանքին հաղորդակից դարձնելն է։

Այստեղ մեկտեղված են հայկական կերպարվեստի իսկական վարպետների գործերը, որոնք արտացոլում են տարբեր ժամանակաշրջանների գեղագիտական շունչն ու ոճական բազմազանությունը։

​Այցելելով Սիսիանի պատկերասրահ՝ կարող եք հիանալ հայկական արվեստի այնպիսի հսկաների աշխատանքներով, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Մհեր Աբեղյանը, Մարիամ Ասլամազյանը, Հարություն Կալենցը և Գոհար Ֆերմանյանը։

Ցուցադրությունում իրենց ուրույն ու պատվավոր տեղն ունեն նաև Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի և Խաչատուր Եսայանի գեղանկարները։ Վարպետների այս տպավորիչ ցանկը համալրում են Զաքար Խաչատրյանի, Ստեփան Աղաջանյանի, Հենրիկ Սիրավյանի, Ռաֆայել Աթոյանի և Աշոտ Մելքոնյանի ստեղծագործությունները։

Պատկերասրահի մշտական ցուցադրության ամենաուշագրավ նմուշներից է Փարավոն Միրզոյանի կողմից վրձնած մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը, որն առանձնակի խորհուրդ ունի Սյունյաց հողում։ Այցելուների ուշադրությունն են գրավում նաև Էդվարդ Իսաբեկյանի էքսպրեսիվ կտավները, Մկրտիչ Քամալյանի գունագեղ ու կենսախինդ ստեղծագործություններն ու Ռուբեն Շահվերդյանի դեկորատիվ-կիրառական ոճի յուրօրինակ աշխատանքները։

​ Բացի մշտական հարուստ հավաքածուի ցուցադրությունից, Սիսիանի պատկերասրահը հանդիսանում է կենդանի մշակութային օջախ։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ժամանակակից արվեստագետների և նկարիչների անհատական ու խմբակային ցուցահանդեսներ, ինչը տեղի ստեղծագործողներին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու լայն լսարանի հետ, իսկ հյուրերին՝ ծանոթանալու արդի արվեստի միտումներին։

Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 39

​Կոորդինատները՝ 39°31'21.63148"N 46°1'34.59544"E