Բացահայտիր Սյունիքը - Կորնիձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի. պատմության և հավատքի կենդանի վկան

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Կորնիձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի. պատմության և հավատքի կենդանի վկան

Սյունիքի խորհրդավոր բնության գրկում՝ Կորնիձոր գյուղում, դարերի պատմությունն ու հոգևոր հզորությունը իր մեջ ամփոփում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Այս հոգևոր տաճարը ներկայացնում է միանավ բազիլիկ կառույց: Պատմականորեն, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո առաջին եկեղեցիները կառուցվել են հենց այս հորինվածքով, ինչի պատճառով էլ բազիլիկ տիպի կառույցները համարվում են մեր մշակութային ժառանգության ամենավաղ շրջանի նմուշները:

Միայն 4-րդ դարից հետո շինարարական արվեստում սկսեցին լայնորեն կիրառվել խաչաձև, բոլորաձև և այլատիպ բազիլիկ լուծումները:

Եկեղեցու ներքին տարածքը բաղկացած է միասնական սրահից, որտեղ հավատացյալներն իրենց հոգևոր աղոթքներն են հղում առ Աստված:

Կառույցի յուրաքանչյուր հանգույց ունի իր խորհրդաբանությունը. ներսի սյուները մարմնավորում են մարդկային առաքինությունները, իսկ դրանք իրար միացնող կամարները խորհրդանշում են սերը, որի միջոցով էլ կենսագործվում են այդ առաքինությունները:

Արտաքինից դեպի վեր է հառնում սուրբ Խաչը: Հոգևոր հեղինակներն այս սրբատեղին հաճախ համեմատում են Նոյյան տապանի հետ. ինչպես տապանում պատսպարված մարդիկ ժամանակին փրկվեցին համաշխարհային ջրհեղեղից, այնպես էլ եկեղեցու կամարների ներքո գտնվողները, հաղթահարելով այս կյանքի ալեկոծ հորձանուտները, արժանանում են հոգու փրկության:

​Մինչ ներկայիս եկեղեցու վերհառնումը, նույն ձորահատվածում գոյություն է ունեցել ավելի հին աղոթատեղի, որը, սակայն, ժամանակի ընթացքում կործանվել է երկրաշարժերի ու սողանքների հետևանքով:

Այս նոր տաճարը հիմնադրվել է 1905 թվականին՝ տեղի բնակիչների անձնական միջոցների ու հանգանակությունների շնորհիվ: Այդ տարիներին գյուղի հոգևոր հովիվն է եղել քահանա Գրիգոր Տեր-Սողոմոնյանը:

ԽՍՀՄ տարիներին Կորնիձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին երկար տարիներ ծառայեց որպես հացահատիկի պահեստ:

​Այսօր, ի հեճուկս պատմական բոլոր արհավիրքների ու դժվարությունների, եկեղեցին շարունակում է կանգուն մնալ և ընդունել իր այցելուներին:

​Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կորնիձոր գյուղ

Կոորդինատներ՝ 39.482813, 46.518664