Բացահայտիր Սյունիքը - Նռնաձոր

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Նռնաձոր

Հայաստանի հարավային դարպաս համարվող Սյունիքի մարզի Մեղրի համայնքում է տեղակայված ինքնատիպ պատմությամբ ու բնությամբ օժտված Նռնաձոր գյուղը։

Բնակավայրի պաշտոնական անունը Նռնաձոր է, սակայն Ռուսական կայսրության ժամանակաշրջանից ի վեր այն հայտնի է եղել Նյուվադի անունով։ Իր ներկայիս հայեցի ու գեղեցիկ անունը գյուղը պաշտոնապես ստացել է 2006 թվականին վերանվանվելուց հետո։

​Աշխարհագրական դիրքի տեսանկյունից Նռնաձորը գտնվում է հեքիաթային Արաքս գետից ընդամենը 2 կմ հեռավորության վրա՝ ձորալանջերին, ծովի մակարդակից 500-600 մետր բարձրության վրա։

Այն բավականին հեռու է մարզկենտրոն Կապանից՝ ճանապարհով շուրջ 97 կմ, իսկ Մեղրի քաղաքից գտնվում է 17 կմ դեպի արևելք։

Գյուղն առաջին հերթին աչքի է ընկնում իր յուրահատուկ մեղրիական մեղմ, մերձարևադարձային կլիմայով և տեղանքին բնորոշ հարուստ բնությամբ, որտեղ հասնում են աշխարհի ամենահամեղ ու հյութեղ նռները, ինչի շնորհիվ էլ բնակավայրը ստացել է իր ներկայիս խորհրդանշական անվանումը։

​Նռնաձորցիները հայտնի են իրենց կամային բարձր հատկանիշներով`տոկունությամբ, անսահման հյուրասիրությամբ ու ջերմությամբ։

Լինելով սահմանապահ բնակավայրի բնակիչներ՝ տեղի մարդիկ աչքի են ընկնում հայրենի հողին կառչած մնալու ամուր կամքով, աշխատասիրությամբ և ստեղծարար արարումով, ինչը թույլ է տալիս շենացնել այս հարավային անկյունը։

​Պատմական ժամանակագրությունը փաստում է, որ գյուղի բնակչության թիվը տարբեր տարիներին մեծ փոփոխություններ է կրել։

Ռուսական կայսրության տարիներից ի վեր գյուղում բնակվել են ադրբեջանցիներ, որոնք հեռացել են 1991 թվականի ամռանը, ինչից հետո գյուղում վերաբնակեցվել են հայեր։

Գյուղը գտնվում է Սյունիքի մարզիՄեղրի համայնքում։

Կոորդինատները՝ 38°53′39″N 46°28′44″E։