Բացահայտիր Սյունիքը-Խնձորեսկի հրաշք քարանձավները

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Խնձորեսկի հրաշք քարանձավները

Խնձորեսկի քարանձավները յուրահատուկ պատմամշակութային համալիր են, որոնք գտնվում են Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ գյուղի տարածքում։

Այս քարայրային հսկայական համալիրը ծառայել է որպես բնակավայր ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը։

Այստեղ կան ինչպես բնական, այնպես էլ տեղի բնակիչների կողմից ժայռերի մեջ փորված հարյուրավոր բնակելի և տնտեսական քարանձավներ։

​Հին Խնձորեսկ բնակավայրը տարածված է Գորիսից մոտ 13 կմ հարավ-արևելք, Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի լեռնային լանջերին։

Սկզբնական շրջանում Խնձորեսկի տները հիմնականում եղել են քարանձավային՝ երբեմն 20-30 մ բարձրության վրա։

Այդ քարայր-բնակարանները օգտագործվել են ոչ միայն ապրելու, այլև պաշտպանվելու նպատակով։

Ժամանակի ընթացքում դրանց ճակատային մասերում կառուցվել են քարաշեն տներ՝ դասավորված դարավանդաձև, այնպես, որ վերևի տան բակը ծառայել է ստորին տան տանիք։

Քարանձավները գտնվել են մեկը մյուսի վերևում, ինչի արդյունքում ամբողջ գյուղը նմանվել է հսկայական բնակարանային համալիրի։

Մեկի տանիքը մյուսի համար ծառայել է որպես այգի կամ բակ։

​Այս միջնադարյան ստորգետնյա բնակավայրերն իրենց հարդարանքով նման են եղել ժամանակակից երկու կամ երեք սենյականոց բնակարանների, ունեցել են սենյակներ և կենցաղային հարմարություններ։

Դրանցում կային ավանդական հայկական վառարաններ՝ թոնիրներ, որոնցից մեկում հաց էին թխում, իսկ մյուսում՝ ճաշ պատրաստում։

Իրականում քարանձավները բավականին հարմարավետ էին ապրելու համար՝ դրանցում կային խորշեր, կահույք, իսկ որոշներում՝ նույնիսկ էլեկտրականություն։

Դրանց վերևում հաճախ կառուցվում էին երկրորդ հարկեր, պատշգամբներ և նաև ամբողջական տներ, որոնք ծառայում էին որպես քարանձավների տրամաբանական շարունակություն։

Այժմ լքված ստորգետնյա կացարանները բաց են այցելուների համար, և զբոսաշրջիկները երբեմն գիշերում են այնտեղ՝ զգալու համար, թե ինչպես են մարդիկ ապրել այստեղ ոչ այնքան վաղուց։

Քարանձավներից մի քանիսը դեռևս օգտագործվում են որպես անասնագոմեր։

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Գորիսից մոտ 13 կմ հարավ-արևելք, Հին Խնձորեսկ: Կոորդինատները՝ 39°30'11"N 46°26'12"E: