Բացահայտիր Սյունիքը - Որոտնավանք. Սյունյաց աշխարհի հնագույն հոգևոր ամրոցը

Որոտնավանքը կամ Վաղատնի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության հզորագույն նմուշներից է, որը վեր է խոյանում Սյունիքի մարզում՝ Որոտան գետի կիրճի ձախակողմյան բարձունքին։
Այս վանական համալիրը ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև կարևորագույն մշակութային և գիտական հանգրվան միջնադարյան Հայաստանի համար։
Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի հնագույն կառույցը՝ Սուրբ Գրիգոր միանավ եկեղեցին, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, ինչը տաճարին հաղորդում է առանձնակի սրբություն։

Միջնադարում այն հայտնի է եղել որպես օձի խայթոցը բուժելու զորություն ունեցող ուխտատեղի, ինչը կապված էր հայր Ստեփանոս ճգնավորի վերակառուցողական գործունեության և նրա հոգևոր հեղինակության հետ։
Համալիրի պատմական նշանակությունը կտրուկ աճեց 1000 թվականին, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին կառուցեց Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին՝ իր շուրջը ձևավորելով միաբանական մեծ կենտրոն։
Ավելի ուշ՝ 1006 թվականին, թագուհու կրտսեր որդին՝ Սյունյաց Վասակ թագավորը, Սուրբ Ստեփանոս եկեղեցուց հարավ-արևելք հիմնեց Սուրբ Կարապետ եկեղեցին։
Այս կառույցն առանձնանում է իր կենտրոնագմբեթ, եռախորան հորինվածքով և ներքուստ խաչաձև հատակագծով։

Հատկապես արժեքավոր են եկեղեցու հյուսիսային խորանում պահպանված որմնանկարները, որոնք պատկերում են աստղազարդ կապույտ երկինք և կենտրոնում՝ հրեշտակ։ Համալիրի տարածքում XI դարում կանգնեցվել է նաև աստիճանաձև պատվանդանի վրա հենված հուշասյուն՝ գագաթին խաչարձանով, որը խորհրդանշում է վանքի հոգևոր անսասանությունը։
XIV դարում Որոտնավանքը դարձավ հայ փիլիսոփայական մտքի կենտրոն։ 1340-ական թվականներին Գլաձորի համալսարանից այստեղ տեղափոխվեց Հովհան Որոտնեցին՝ սերտ կապեր հաստատելով Տաթևի վանքի հետ։
Այստեղ գործել և ստեղծագործել է նաև Գրիգոր Տաթևացին, իսկ XV դարի սկզբին վանքն հյուրընկալել է Թովմա Մեծոփեցուն։ 1407 թվականին Առաքել ծաղկողն այստեղ գրչագրել և պատկերազարդել է հայտնի Ավետարանը։
Չնայած 1104 թվականին սելջուկների ավերիչ հարձակմանը, վանքը վերածնվել է Օրբելյանների օրոք և գործել մինչև XX դարի սկիզբը։
Ցավոք, 1931 թվականի ավերիչ երկրաշարժը հողին հավասարեցրեց Սուրբ Կարապետի գմբեթը, պարիսպները և տնտեսական շինությունները, որոնց մի մասը հետագայում վերականգնվել է։
Այս վայրն իրենից ներկայացնում է ոչ միայն պատմական կոթողների շարք, այլև Սյունյաց թագավորական տոհմի հանգստարան, որտեղ թաղված են Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան։
Վանքը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 14 կմ դեպի արևելք, Որոտան և Վաղատին գյուղերի միջև ընկած հրվանդանի վրա։ Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է հետևել Սիսիան-Որոտան ավտոճանապարհին։
Կոորդինատներն են՝ 39°29′47″N, 46°07′16″ E