Բացահայտիր Սյունիքը- Մեծ Իշխանասարի և Սև լճի առասպելական ավանդությունները

Մեծ Իշխանասար լեռը Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է, որն ունի 3549 մետր բարձրություն:
Այն ունի հրաբխային ծագում, իսկ նրա լանջերը զառիթափ են՝ մասնատված տարբեր կիրճերով ու ձորակներով:
Լեռան հյուսիսային լանջից սկիզբ է առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հյուսիս-արևմուտքից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, հարավ-արևմտյան լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, իսկ հարավից՝ Շամբ գետը:
Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը, իսկ հյուսիս-արևմուտքում այն հիշատակված թամբոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին:
Լեռան արևելյան լանջին՝ 2666 մետր բարձրության վրա, գտնվում է սառցադաշտային ծագում ունեցող հայտնի Սև լիճը: Լիճն ունի մոտավորապես շրջանաձև տեսք, նրա երկարությունը կազմում է 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, մակերեսը՝ մոտ 2 քառակուսի կիլոմետր, իսկ առավելագույն խորությունը հասնում է 7,5 մետրի: Այն հիմնականում սնվում է հալոցքային և մթնոլորտային տեղումներից: 1968 թվականից ի վեր Սև լճում բազմացվում է իշխան ձուկը:
Սև լճից դեպի արևելք գտնվում է Սագի լիճը, որը նախորդից անհամեմատ փոքր է և ամռանը դառնում է սակավաջուր:
Սագի լճի շուրջը ցրված են փարախներ, և հենց այս լճից է սկիզբ առնում Խոզնավար գետակը: Այս տեղանքով անցնող արշավային երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 35 կմ:
Այս վայրերի հետ կապված են ուշագրավ հին ավանդություններ: Ըստ դրանցից մեկի՝ ժամանակին մի հսկա՝ քառասուն գլխանի վիշապ, իջնում է լեռնային Սյունիք և սկսում խմել Սև լճի ջուրը: Լճի ջրի կեսը խմելուց հետո նա պառկում է հանգստանալու՝ մտադրվելով արթնանալուց հետո խմել նաև մնացած մասը, որպեսզի լիճը վերջնականապես ցամաքեցնի: Սակայն Աստծո կամքով շրջակա սարերը շարժվում են, մոտենում իրար, վերցնում լիճն ու բարձրացնում այն մինչև երկինք՝ հեռու և անհասանելի դարձնելով վիշապի համար: Վիշապը չի կարողանում վեր բարձրանալ ջուր խմելու, ծարավից ճաքճքում ու տրաքում է, իսկ նրա մնացողները ցրվում են չորս կողմը:
Մեկ այլ ավանդություն կապված է լճի մյուս՝ «Իշխանա լիճ» անվան հետ: Ավանդության համաձայն՝ լճի ափին ապրող իշխանական տոհմի մի գեղեցիկ աղջկա վրա հարձակվում է ավազակ մի հրոսակ՝ նրան գերելու նպատակով:
Աղջիկը, խուսափելով բռնությունից և անարգանքից, նետվում է լճի խորքերը: Լուսաբացին նրա մարմինն այլևս ջրի երեսին չի երևում: Տեղի բնակիչները գտնում են նրա մարմինը և հողին հանձնում լեռան ամենաբարձր, պատվավոր տեղերից մեկում, որպեսզի նրա գերեզմանը տարբերվի սովորական մահկանացուների շիրիմներից:
Մեծ Իշխանասարը գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հյուսիս-արևելք:
Կոորդինատներ՝ 39°35′14″ հս․ լ․ 46°10′31″ ավ․ ե․