Բացահայտիր Սյունիքը -Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)

· Սիսիան

Բացահայտիր Սյունիքը -Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)

Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սիսավանի վանք կամ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, միջնադարյան քրիստոնեական հայկական ճարտարապետության եզակի կառույցներից է:

Այն եկեղեցական և մշակութային մեծ արժեք ներկայացնող հուշարձան է:

​Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայության՝ Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին (որը հետագայում վերանվանվել է Սուրբ Հովհաննես) հայոց թվականությունից առաջ հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին:

Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք:

Եկեղեցին VII դարի վերջին քառորդում հիմնովին վերակառուցվել է Կոհազատ իշխանի և Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ի (670-689 թթ.) կողմից՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ:

Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանն իր նշանակությամբ այս վանքը համարել է Սյունիքի վանքերից երրորդը:

​Միջնադարում, զավթիչների ասպատակությունների հետևանքով, շրջակա բնակավայրերն ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը:

Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է եղել Սուրբ Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՎԱՆԷՍ ԵԿԵՂԵՑՊԱՆ» արձանագրության հիման վրա:

Հետագայում Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959-1961 թվականներին:

​Եկեղեցին կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտից և հիմնված է եռաստիճան որմնախարսխի վրա: Իր հատակագծային լուծմամբ այն կրկնում է կառույցների Ավան-Հռիփսիմե տիպի հիմնական հատկանշական գծերը՝ ունենալով «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք:

Ի տարբերություն նույնատիպ տաճարների՝ գմբեթատակ տարածությունն այստեղ ճշգրիտ քառակուսի է, բոլոր աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական մեծադիր լուսամուտ, իսկ արևելյան կողմում խորանները լայնանիստ ու կանոնավոր են:

​Եկեղեցու գմբեթի տասներկուանիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, իսկ քիվերը՝ հյուսածո զարդաձևերով: Գմբեթի քիվին՝ չորս հիմնական նիստերի վրա, առկա են չորս ավետարանիչների դիմաքանդակները՝ համապատասխան մակագրություններով:

Նրանք քանդակված են մինչև գոտի՝ աջ ձեռքը վեր բարձրացրած, իսկ անունները փորագրված են ներքևի մասում: Արևմտյան ճակատին պատկերված է Հովհաննես եկեղեցպանի խիստ եղծված հարթաքանդակը:

​Տաճարի ներսում՝ գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում, գմբեթատակի փոքր տրոմպների շարքում, փորագրված են տաճարի հիմնադիրների՝ Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի մեծադիր պատկերաքանդակները, որոնք համապատասխան մակագրություններով են և աչքի են ընկնում ընդգծված անհատականությամբ:

Բացի այդ, տաճարի պատերին և քարերին առկա են քարտաշ շինարար վարպետների բազմաթիվ նշանագրեր, որոնք մեծ մասամբ հանդես են գալիս անվան սկզբնատառի ձևով:

​Կառույցի արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք ծավալատարածական մշակման ուշագրավ տարրեր են:

Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են 7-րդ դարի 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին:

Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը:

​Տեղակայումը՝ Հայաստանի տարածք, Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան:

Աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°31′43″N 46°01′04″E: