Բացահայտիր Սյունիքը - «Արևիկ» ազգային պարկ. Սյունիքի բնության անգին գանձարանը
· Մեղրի

Հայաստանի հարավային դարպաս համարվող Սյունիքի մարզն աչքի է ընկնում իր յուրահատուկ, կտրտված ռելիեֆով և կենսաբազմազանությամբ, որի սրտում իր ուրույն տեղն ունի 2009 թվականին հիմնադրված «Արևիկ» ազգային պարկը։
Այս պահպանվող տարածքը ստեղծվել է Մեղրիի տարածաշրջանի եզակի բուսական և կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման նպատակով։
Ազգային պարկը զբաղեցնում է 34 401.8 հեկտար մակերես և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերը, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները։
Ազգային պարկի տարածքին բնորոշ է ուղղաձիգ բնական գոտիների հերթափոխությունը, ինչի շնորհիվ այստեղ միմյանց հաջորդում են ամենատարբեր լանդշաֆտները՝ սկսած կիսաանապատներից մինչև անտառային զանգվածներ, լեռնային տափաստաններ և ալպյան մարգագետիններ։

Այսպիսի բազմազանությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել հարուստ կենդանական աշխարհի համար։ «Արևիկի» տարածքում հանդիպում են այնպիսի հազվագյուտ և վտանգված տեսակներ, ինչպիսիք են առաջավորասիական ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, միջերկրածովային կրիան, հայկական իժը, ինչպես նաև կովկասյան ջրասամույրը, կասպիական հնդկահավը և կովկասյան մայրեհավը։
Տարածքի բուսական աշխարհը նույնպես աչքի է ընկնում բացառիկ խայտաբղետությամբ ու էնդեմիկ տեսակներով։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսերից այստեղ հանդիպում են չորապատեր արծվապատերայինը, Գրիֆիթի հուդայածառը, վայրի ձմերուկը, անմոռուկ կլորատերևը և բազմաթիվ այլ հազվագյուտ ծաղկատեսակներ ու թփեր, որոնք էկոհամակարգի կայունության կարևորագույն տարրերն են։
«Արևիկ» ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային մասում՝ Մեղրիի տարածաշրջանում, Երևանից մոտ 380 կմ հեռավորության վրա:
Կոորդինատներ. 38°56'03"N 46°11'42"E
Լուսանկարները`Nabu. am-ի