Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Արամ Մանուկյան. Պետականության հիմնադիրն ու անկոտրում կամքի խորհրդանիշը

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Արամ Մանուկյան. Պետականության հիմնադիրն ու անկոտրում կամքի խորհրդանիշը

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) հայոց պատմության այն բացառիկ դեմքերից է, ում տիեզերական էներգիայի, կազմակերպչական անհավանական տաղանդի և հայրենասիրության շնորհիվ 1918 թվականին մոխիրներից հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին։

​Նա ծնունդով Սյունյաց աշխարհից է՝ Ռուսական կայսրության, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Զեյվա գյուղից (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ)։

​Հայոց նորագույն պետականության հիմնադիրը, ՀՀ ներքին գործերի նախարարը և ՀՅԴ կուսակցության ականավոր անդամ։

Նա հերոսաբար ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետն ու Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության առանցքային անդամներից մեկը։

​ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտել է Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը։ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը, որտեղից, սակայն, Դաշնակցության ազգեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվել է։

Այնուհետև ընդունվել և 1907 թվականին ավարտել է Երևանի թեմական դպրոցը։

​1901-1903 թթ. Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և Կարսում։


​1903 թ. Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, ինչպես նաև կամավորական խմբեր փոխադրելով։
​1904-1908 թթ. Գործել է Վանում, որտեղ էլ նրան անվանել են «Վանի Արամ»։ Այնուհետև Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, որից հետո 2 տարի ապրել է Ժնևում։

1910 թվականին Արամ Մանուկյանը կրկին վերադարձել է Վան՝ դառնալով Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը:
​
​Վանի ինքնապաշտպանություն. Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ միասին կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը:

1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալուց հետո, Արամը մինչև 1917 թվականի դեկտեմբերն ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին։

Փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Արամ Մանուկյանը՝ որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, ժամանեց Երևան:

1918 թվականի մայիսի 28-ին անկախության վերականգնմամբ և Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմամբ նա դարձավ մեր նորագույն պետականության փաստացի հիմնադիրն ու ղեկավարը Երևանում։

1918 թ. հուլիսի 26-ին նա ստանձնեց ՆԳ նախարարի պաշտոնը:

​ Արամն ամուսնացած էր առաջին խորհրդարանի պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյանի հետ. նրանք ունեին մեկ դուստր՝ Սեդան:

Ժողովրդի հետ անմիջական շփումների մեջ գտնվող գործիչը 1918 թ. դեկտեմբերին վարակվեց բծավոր տիֆով և մահացավ 1919 թ. հունվարի 29-ին:

Նրա հուղարկավորությունը վերածվեց համաժողովրդական սուգի:
Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն, իսկ այժմ հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում:

  • Երևանի կենտրոնում (Արամի փողոցում) կանգուն է այն պատմական շենքը, որտեղ ապրել է մեծն գործիչը (պատին փակցված է հուշատախտակ)։

  • Խորհրդային իշխանության անկումից հետո նախկին Սպանդարյան փողոցը վերանվանվեց Արամի փողոց։

  • 2009 թ. մայիսի 30. ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց նրա կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։

  • ​2009 թ. դեկտեմբերի 20. Կիսանդրի տեղադրվեց նաև Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում։

  • ​2018 թ. հուլիս. Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ բացվեց Արամ Մանուկյանի վեհաշուք հուշարձանը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան)։

​

​Նրա կյանքին են նվիրված «Առաջին այրեր. Արամ Մանուկյան» և «Ինչո՞ւ է աղմկում անցյալը. Արամ Մանուկյան» ֆիլմերը: