Բացահայտիր Սյունիքը-Երիցավանք

Երիցավանքը 5-11-րդ դարերի հայկական ճարտարապետական ուշագրավ հուշարձան է, որը Սյունիքի ճարտարապետական դպրոցի քիչ հայտնի, բայց արժեքավոր կոթողներից մեկն է։
Վանական համալիրը հիմնադրվել է 5-րդ դարում Սյունյաց մետրոպոլիտ Երիցակի կողմից, ինչի մասին վկայում է նաև 13-14-րդ դարերի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
Ներկայումս համալիրը մասամբ ավերված վիճակում է, սակայն նախկինում այն բաղկացած է եղել եկեղեցուց, գավթից, զանգակատնից և մատուռից։
Կառույցի հյուսիսային կողմում դեռևս նշմարվում են մատուռի ավերակները, իսկ երբեմնի հզոր համալիրից պահպանվել են նաև պարիսպների հետքերը։

Համալիրի գլխավոր հուշարձանը Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին է։ Այն կառուցված է կիսամշակ բազալտե քարերից և ունի մոտ 20 մետր երկարություն ու 7 մետր լայնություն։
Եկեղեցին իր հորինվածքով բացառիկ ու եզակի օրինակ է հայ ճարտարապետության մեջ. այն արևելքից արևմուտք ձգված միանավ թաղածածկ դահլիճ է, որի ընդերկայնական՝ հյուսիսային և հարավային ճակատները (պատերը) ունեն երեքական բաց կամարաշարեր։

Կառուցողական այսպիսի ոճն ու լուծումները խիստ հազվադեպ են հանդիպում նույն ժամանակաշրջանի այլ հուշարձաններում։
Ժամանակի ընթացքում, հավանաբար միջնադարյան քաղաքական անկայուն պայմաններից ելնելով և պաշտպանական նպատակներով, վանքը վերածվել է ամրոցատիպ կառույցի և շրջափակվել կրկնակի պարսպապատերով։
Երիցավանքը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում (Կապանի շրջան), Արծվանիկ գյուղից մոտ 3 կմ դեպի հարավ-արևելք՝ բարձրադիր սարահարթի վրա։
Կոորդինատները.
39°15′54″N 46°28′38″E