Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին- Զաքար Խաչատրյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին- Զաքար Խաչատրյան

Զաքար Ավագի Խաչատրյանը (ծնվ. 11.12.1924 կամ 05.02.1924, Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում – մահ. 21.01.2017, Սանկտ Պետերբուրգ, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում) հայ անվանի նկարիչ է, ՀԽՍՀ (1983) և ՌԴ (2005) վաստակավոր, ինչպես նաև ՀՀ ժողովրդական նկարիչ (2012)։

Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, սովորել Գորիսի մանկավարժական տեխնիկումում, Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1956-ին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (աշակերտելով Բ. Յոգանսոնին և Ա. Գերասիմովին), իսկ 1960-1962 թթ. կատարելագործվել Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968-ից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ 1981-ից եղել է ամբիոնի վարիչ, 1984-ից՝ դեկան, իսկ 1986-ից՝ պրոֆեսոր։

1962-ին նրա կողմից Սիսիանում հիմնադրված մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է իր անունով։

Խաչատրյանը ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ էր (1995)։

​Նրա ստեղծագործական ժառանգությունը ներառում է դիմանկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ և գրաֆիկական գործեր։

Նշանավոր կտավներից են «Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Զ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և...», «Սամարղանդ. Ռեգիստան» ու «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ՝ 1980)։

Գրաֆիկական աշխատանքներից աչքի են ընկնում «Սպիտակավոր եկեղեցին» (1961), «Սիսիավան եկեղեցին հին Սիսիանում» (1965), «Ղոշուն-դաշ (Զորաց քարեր)» (1967), «Թանահատի վանքը. Սիսիան» (1968), «Պատկառուկներ» (1968), «Ձմեռ» (1969), «Փողոց Երևանում» (1969), «Աշուն. Ծաղկաձոր» (1978), «Երևանի ծայրամասը» (1980), «Ժնևյան լիճը» (1993), «Սև գետակ. Գիշեր» (1998), «Արևածագը Սև ծովի վրա» (1984), «Ծովն ու արևը» (1984) և «Սև ծով. Կեսօր» (1986)։ Նրա հայտնի նատյուրմորտներից են «Թռչնաշուշաններ» (1956), «Վարդակակաչներ» (1961), «Վարդեր» (1981), «Դաշտային ծաղիկներ» (2001) և «Աստղածաղիկներ» (2003)։

Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանում, Շվեյցարիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, իսկ նրա գործերը պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում։

Զաքար Խաչատրյանը մնում է Սյունյաց աշխարհի այն վառ անհատականություններից մեկը, ում արվեստը շարունակում է հիացնել և ներշնչել աշխարհի տարբեր պատկերասրահներում։