Բացահայտիր Սյունիքը-Մեղրու անառիկ ու եզակի բերդը

· Մեղրի

Բացահայտիր Սյունիքը-Մեղրու անառիկ ու եզակի բերդը

Մեղրու բերդը հայկական ռազմական ճարտարապետության եզակի նմուշ է՝ հիմնադրված Սյունիքի թագավորության հզորացման տարիներին (10-րդ դարի վերջ - 11-րդ դարի սկիզբ). ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ այն կանգուն էր արդեն 1083 թվականին։

Բերդն ակտիվ դեր է խաղացել Արևիք գավառի պատերազմներում, ենթարկվել ավերածությունների և հիմնովին վերակառուցվել 18-րդ դարի սկզբին։

Այն հայկական ճարտարապետության մեջ միակ պաշտպանական կառույցն է, որը նախագծվել է հակառակորդի կողմից հրազենի օգտագործման գործոնը հաշվի առնելով և լեռնագագաթների բարձր դիրքի շնորհիվ անմատչելի է եղել թնդանոթների կրակոցներից։

Ամրոցը չունի պաշտպանական պարիսպներ. դրանց փոխարեն ծառայում են լեռնաշղթաները։ Այն բաղկացած է Մեղրի քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում՝ լեռնաշղթաների հատման գագաթներին կառուցված առանձին վեց աշտարակներից, որոնք պաշտպանում են քաղաքի հյուսիսային, արևելյան և արևմտյան մատույցները։

Հյուսիսից բերդը պաշտպանված է բնական պատնեշներով, ուստի հարձակումը հնարավոր էր միայն հակառակ կողմից։

​Աշտարակները կառուցված են կավե շաղախով շարված անմշակ գրանիտե քարերից, իսկ պատերի մեջ, որպես սեյսմիկ գոտիներ, ամբողջ պարագծով դրված են փայտե հեծաններ։

Բոլոր աշտարակների պատերը դեպի վեր դրսից նեղանում են։ Դրանք լինում են կլոր և ուղղանկյուն։ Չորս կլոր աշտարակները (հարավ-արևմտյան, արևմտյան, հյուսիս-արևմտյան, հարավային) ունեն 5.5 մ արտաքին տրամագիծ, 1 մ պատերի հաստություն և հյուսիսային կողմից մուտքեր։

Հարավ-արևմտյան և արևմտյան աշտարակներում ճառագայթաձև հրակնատները բացված են ամբողջ շրջանագծով՝ հատակից 1 մ բարձրության վրա, միմյանցից 1-1.15 մ հեռավորությամբ և 0.16 մ x 0.6 մ չափերով։

Մյուս երկու կլոր աշտարակներում (հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան) հրակնատները դասավորված են եռաշարք՝ շախմատաձև։ Երկու ուղղանկյուն աշտարակների (հյուսիսային և արևելյան) երկարությունը 10.2 մ և 10.6 մ է, իսկ լայնությունը՝ 2.7 մ և 3.95 մ։ Դրանց պատերը հատվում են կլորությամբ։

Արևելյան աշտարակի հարավային պատին կա կիսավեր բացվածք, որը բարձր դիրքի պատճառով որպես մուտք չի ծառայել։

​Բոլոր աշտարակների հրակնատներն ուղղանկյուն են, ուղղահայաց համաչափություններով, դեպի դուրս 30° թեքությամբ և քարե աստիճանաձև եռաշարք բարավորներով, ինչը պաշտպանում էր թշնամու գնդակներից։

Աշտարակներից երեքը (հյուսիս-արևմտյան, արևելյան, հարավ-արևմտյան) եղել են երկհարկանի՝ պատերում պահպանված միջհարկային փայտե հեծանների հետքերով։

Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները եղել են փայտյա, ինչի պատճառով չեն պահպանվել։ Հրակնատների շախմատաձև դասավորությունը տարբեր բարձրությունների վրա (ներքևի շարքը՝ ծնկաչոք, վերևինը՝ կանգնած կրակելու համար) թույլ էր տալիս առավելագույնս օգտագործել պատի ողջ մակերեսը։

Հուշարձանը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, աշխարհագրական կոորդինատներն են՝ 38°54′18″ հս․ լ․ 46°14′16″ ավ․ եր․։