Բացահայտիր Սյունիքը-Լիճքի հեքիաթային ջրվեժները

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Լիճքի հեքիաթային ջրվեժները

Լիճքի հիասքանչ ջրվեժները գտնվում են Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի հեքիաթային անկյուններից մեկում։

Այս բնական հրաշալիքները ձգվում են Լիճք գյուղի տարածքով հոսող երկու՝ Մեղրի և Զվարագետ գետերի վրա։

Ջրվեժների հիմնական համալիրը սկսվում է Լիճք գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս և կիրճով ու գետի հունով ձգվում դեպի վեր՝ հասնելով մինչև անտառի վերջը։

​Այս վայրն առանձնանում է իր յուրահատուկ ջրվեժների կասկադով, որոնք կիրճի մեջ թափվում են միմյանց վրա՝ ստեղծելով տպավորիչ տեսարան։

Մեղրի գետի վրա գտնվող ջրվեժների ստույգ քանակը դժվար է նշել, քանի որ դրանք հասնում են մի քանի տասնյակի։

Ինչ վերաբերում է Զվարագետի վրա գտնվող ջրվեժներին, ապա դրանցից չորսն առավել մատչելի են և տեղակայված են միմյանցից փոքր հեռավորության վրա։

Նույն գետի վրա կան նաև այլ ջրվեժներ, որոնք թեև համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ ու վեհությամբ ոչնչով չեն զիջում առաջիններին։

​Այս հիասքանչ բնական էկոհամակարգը սնող Մեղրի գետը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջերից՝ մոտ 3300 մետր բարձրությունից։

Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 36 կմ, իսկ ջրհավաք ավազանը զբաղեցնում է 336 կմ² տարածք։

​Դեպի Լիճքի կասկադային ջրվեժներ տանող ճանապարհը հիանալի ուղղություն է քայլարշավների սիրահարների համար։

Գյուղից դեպի ջրվեժներ տանող քայլարշավային երթուղու երկարությունը կազմում է մոտ 2 կմ, որն անցնում է գեղատեսիլ բնության միջով և հասանելի է ոտքով ճամփորդողների համար։

​Լիճքի ջրվեժները տեղակայված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Մեղրի համայնքի Լիճք գյուղական բնակավայրի հարակից տարածքում, իսկ դրանց աշխարհագրական կոորդինատներն են՝ 39.0628° N, 46.1822° E։

Լուսանկարները`Հատիս տուր-ի