Բացահայտիր Սյունիքը-Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

· Կապան

Բացահայտիր Սյունիքը-Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղն է։

Այն հիմնադրվել է 1990 թվականին՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ։

Իր տեսակով պատկերասրահ հանդիսացող այս մշակութային օջախի տնօրենն է Բորիկ Մինասյանը։

​Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների բազմաթիվ աշխատանքներ։

Բացի կապանցիներից, թանգարան են այցելել պատվավոր հյուրեր գրեթե բոլոր երկրներից։

Այստեղ եղել են հատուկ պատվիրակություններ Գերմանիայից, Բելառուսից, Ռուսաստանից, ինչպես նաև Գլենդելից։ «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ իրականացվող տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում թանգարանում կազմակերպվել են մանկական ցուցահանդեսներ և գեղանկարիչ Ռ. Կամոյանի անհատական ցուցահանդեսը։ 2013 թվականին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդեսը՝ «Աշուն-2013» խորագրով, որի առիթով տպագրվել է նաև գիրք։

Կապան քաղաքի տոնի առթիվ ևս կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։

2014 թվականին տեղի է ունեցել Կապանի 4 նկարիչների՝ Բորիկ Մինասյանի, Լ. Առաքելյանի, Ա. Աբրահամյանի և Նարեկ Մինասյանի խմբակային ցուցահանդեսը։

2015 թվականի ապրիլի 9-ին բացվել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին, իսկ ապրիլի 16-ին և 18-ին անցկացվել են համապատասխանաբար թանգարանային գիշեր միջոցառումը և թանգարանային միջազգային օրվան նվիրված միջոցառումներ։

​Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում կազմակերպվում են Կապանի և այլ նկարիչների անհատական ու խմբակային ցուցահանդեսներ։

Այստեղ ցուցադրվել են Արմինե և Սարո Կալենցների, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյանների, Անատոլի և Ալեքսանդր Գրիգորյանների, Հովհաննես Զարդարյանի, Սարգիս Համալբաշյանի, Արարատ Սարգսյանի, Աշոտ Բայանդուրի, Լևոն Թոքմաջյանի, Էդիկ Վարդանյանի, Վրույր Գալստյանի, Արամ Իսաբեկյանի, Ռաֆֆի և Ռուբեն Ադալյանների, Վարուժան Վարդանյանի և այլոց աշխատանքները։

Թանգարանում անցկացվում են նաև բազմաբնույթ մշակութային այլ միջոցառումներ. օրինակ՝ ԵԱՀԿ-ի (OBCE) Կապանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես և տպագրվել է գիրք։

​Թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 8 հասցեում, իսկ դրա աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°12′28.58″N 46°24′12.17″E։