Բացահայտիր Սյունիքը․ Վահանավանք

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը․ Վահանավանք

Վահանավանքը (նաև՝ Հովհաննավանք) միջնադարյան վանական համալիր է Հայաստանում, որը պատմամշակութային մեծ արժեք ունեցող կառույց է։

Այս տեսարժան վայրը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում՝ Տիգրանասարի լանջին։

​Վանական համալիրի առաջին և գլխավոր կառույցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։

Շինարարությունը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերել է հսկայական կալվածքներ։

​Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտակայքում կատարվել են նոր կառուցումներ։

Մեծ եկեղեցուց 25 մետր հեռավորության վրա վեր է հառնել մի ավելի փոքր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը։

Այս փոքր եկեղեցու արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերող մի արձանագրություն, որտեղ հենց խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

​Իր ծաղկման շրջանում վանքն ունեցել է շուրջ 100 միաբան։ Վանական համալիրին կից գործել է նաև վանական դպրոց, որի հայտնի սաներից է եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդին՝ Վահան Ա Սյունեցին։

​Վահանավանքը պատմական կարևորագույն նշանակություն ունի նաև որպես ազնվականության դամբարանատեղի։

Այստեղ են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների և Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

​Համալիրի տարածքում 1966 թվականից սկսած իրականացվել են հնագիտական պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ։

2006-2009 թվականներին իրականացված լայնածավալ վերականգնողական աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը ու սյունասրահը։

​Այս պատմական հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, իսկ նրա հստակ աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°13′05″N 46°19′57″E։