«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ

· Սյունիքի Մարզ

«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած  բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության:

Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի  խոշոր խմբաքանակ:

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից,  բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից  հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:


Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի  ներմուծման փորձը կանխվել է:

Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են:

ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:


Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները։