Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի 45-ամյա վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ վիրավորին, ում տեղափոխել են հիվանդանոց, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Էսմաել Խ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին բեռնատարի խցիկից դուրս բերելու համար։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։